Ըստ տրամաբանության հետընտրական շրջանում ամենաքննարկվողը պետք է լինեին հենց ընտրությունները, որոնք պատմության մեջ մտան խայտառակ խախտումներով ու նախադեպը չունեցող մեքենայություններով: Բայց մեր երկրում ոչինչ տրամաբանության չի ենթարկվում:
Գրեթե 2 շաբաթ է` մեր հասարակության բոլոր շրջանակները քննարկում են հարցեր, որոնք նախկինում երբևէ ոչ ոքի կողմից չէին քննարկվել և չէին բարձրաձայնվել:
Առողջ հասարակությունում ցանկացած հարցի քննարկում անցնում է կառուցողական ու հանգիստ մթնոլորտում, բայց ոչ մեզ մոտ: Մենք այս հարցում նույնպես բացառիկ ենք:
Վերջին հայտնի դեպքերն ու աղմուկը ցույց տվեցին, որ մենք ապրում ենք հիվանդ ու անքաղաքակիրթ հասարակությունում, որտեղ`
- չեն հարգվում մարդու իրավունքները,
- տիրում է անպատժելիության մթնոլորտ,
- արդարացվում են հանցագործություններն ու օրենքի խախտումները,
- կատարվում է մարդատյաց ու հակասահմանադրական քարոզչություն,
- չի հարգվում մարդկանց սեփականության իրավունքը,
- թույլատրելի են ատելության և թշնամանքի կոչերը,
- մարդն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում,
- կարելի է մարդկանց վառելու կոչ անել և անպատիժ մնալ,
- կարելի է հպարտանալ ֆաշիստ լինելու համար,
- լայնորեն ընդունվում են ահաբեկչությունն ու սպառնալիքները:
Ցավալի է, որ այս ամենը կատարվում է, իբր թե հանուն ազգի միասնության, հանուն ազգային շահերի ու ազգային անվտանգության:
Երբվանի՞ց են մարդու իրավունքները խախտվում հանուն ազգային անվտանգտության, երբվանի՞ց է հասարակության բևեռացումը և պառակտումը բխում Հայաստանի ազգային շահերից:
Ավելի «խելոքներն» իրենց հերթին անընդհատ անպատեհ շահարկում են «ազգային նկարագիր», «ազգային արժեքներ», «ազգային դիմագիծ», «հայի ինքնույթյուն» և այլ նմանատիպ հասկացություններ` ֆաշիմզը, այլատյացությունը և ագրեսիան ներկայացնելով որպես «ազգային նկարագիր», «հայի ինքնույթյուն»:
Նախկինում վերջիններս վերագրվում էին մեր հարևան պետություններին: Ապրե´ք Գոռ Թամազյաններ, դու հասաք ձեր նպատակին:
Բայց ամեն ինչում պետք է լուսավոր կետ փնտրել: Շնորհիվ այս ամենի մենք բացահայտեցինք, որ մեզանում ապրում են անհայտ ծագման ֆաշիստներ, ֆաշիստներին աջակցող քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, ատելությունն արդարացնող մտավորականներ, ապատեղեկատվությունն անամոթաբար տարածող «լրատվամիջոցներ», ֆաշիզմը արդարացնող պսևդո-ազգայնականներ... մի խոսքով մարդիկ, ովքեր խիստ մտահոգված են մեր ազգային արժեքներով ու մեր քաղաքացիների բարոյական նկարագրով:
Մի բան հաստատ է. մեզ առիթ է պետք թշնամանալու ու իրար դեմ դուրս գալու համար ու պատճառն այնքան էլ էական չէ: Պիտի դուրս մղենք այն ագրեսիան, որը մեծ չափաբաժնով կուտակում ենք ամեն օր: Դա բնական է: Մեզ 4 կողմերից` ֆիլմերից, թերթերից, հեռուստացույցից, սոց. ցանցերից, բլոգերից, ամենուր` տանը, փողոցում, դպրոցում, բուհում, աշխատավայրում` պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում սովորեցնում են ատել իրար: Ապրե´ք, լավ է ստացվում:
Այս թեմային չէի պատրաստվում անդրադառնալ, եթե չլիներ մի կարևոր փաստ: Վերջին «զարգացումները» իրար դեմ են հանել իմ ընկերներին, լցրել են իրար նկատմամբ ատելությամբ ու չարությամբ: Ցավալի է, որ երկրում տիրող անարդարությունների և անօրինականությունների դեմ համախմվելու և պայքարելու փոխարեն մենք իրար դեմ ենք դուրս գալիս: Բոլորի ուզածն էլ հենց դա է:
No comments:
Post a Comment