Friday, June 24, 2011

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅ է ԵՂԵԼ (ՄԱՍ I)


Իսկ դուք գիտեի՞ք, որ աշխարհի ամենաառաջին կին դեսպանը ՀԱՅ է եղել: Կարծում եմ` ոչ, քանի որ այդ մասին գրեթե չի խոսվում: Ներկայումս, երբ կնոջ դերը հայ հասարակության մի շարք ոլորտներում բավականին ցածր է, դժվար է պատկերացնել, որ ամբողջ աշխարհում դեսպանի պաշտոնում նշանակված առաջին կինը եղել է ՀԱՅ:

Փաստացիորեն, աշխարհի առաջին կին դեսպան համարում են միջազգային և ռուսական հեղափոխական գործիչ ու սովետական դիվանագետ Ալեքսանդրա Կոլոնտային, ով 1923 թվականից 1952 թվականը եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում և Շվեդիայում:

Մինչդեռ դա ամենևին էլ ԱՅԴՊԵՍ ՉԷ: Արդեն 1920 թվականին, այսինքն` 3 տարի ավելի շուտ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել հայազգի Դիանա Աբգարը:  Դիանա Աբգարի կյանքի ու գործունեության մասին քիչ տեղեկություններ կան:  Դիանան, ում իսկական անունը Անահիտ է, իսկ օրիորդական ազգանունը Աղաբեկյան, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն), բարեկեցիկ ընտանիքում: 


Իր ծննդյան տեղի, ինչպես նաև նրա հետ կապված շատ այլ իրադարձությունների մասին տարբեր, հաճախ իրարամերժ տեսակետներ կան: Տարբեր աղբյուրներում Դիանայի ծննդյան վայրը նշված է Բիրման, սակայն Բուենոս Այրեսում տպագրվող «Արմենիա» պարբերականի 1984 թվականի համարներից մեկում որպես նրա ծննդյան վայր է ներկայացվում Նոր Ջուղան: Մեկ այլ տարբերակ է գրվել «Հայ զինվոր» թերթի անցյալ տարվա 3 համարում, որտեղ լույս տեսած ակնարկում նշվում է Հնդկաստանի Բոմբեյ քաղաքը:
Իրականում Դիանայի անունը Դայանա է, բայց քանի որ ինքը` Աբգարը, իր անունը հայերեն գրել է Դիանա, այժմ ընդունվում է այդ տարբերակը: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ:

Դիանա Աբգարը Յոկոհամայում
1890-ին Աբգարը ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի  (Մայքլ Աբգար) հետ, ով էլ կանխորոշել է օրիորդի հետագա կյանքի ընթացքը: Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել Չինաստանի Հոնկոնգ քաղաքում, որից հետո նորապսակ ամուսնական զույգը ճանապարհորդության է մեկնել Չինաստան և Ճապոնիա: Այստեղ էլ նրանք որոշել են մշտական բնակություն հաստատել` ընտրելով Ճապոնիայի Կոբե քաղաքը:

1906-ին` իր ամուսնու անակնկալ մահից հետո, Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը` մինչ որդու չափահաս դառնալը: Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի ամենաբանուկ նավահանգիստներից մեկը` Յոկոհամա, որը գտնվում էր Տոկիոյից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ Դիանան բացել է ընդարձակ վաճառատուն, որը առևտուր էր կատարում Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Շուտով նրա ընտանիքը մեծ առանձնատուն է գնում Յոկոհամայի Յամատե թաղամասում, որի հյուրընկալ դռները միշտ բաց են եղել ինչպես օտար բարձրաստիճան անձանց, այնպես էլ խոնարհ հայ գաղթականների առաջ:

Առաջին Համաշխարհային պատերազմի նախօրեին և նրա տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է Յոկոհամայի «The Japan Gazette» անգլալեզու ճապոնական թերթին: Այդ թերթի հրատարակչությունում նրա անգլերեն հրատարակած գրքերից են «The Truth About the Armenian Massacres»-«Ճշմարտությունը հայության ջարդերի մասին»(1910), «The Case of the Armenians»-«Հայկական հարցը», Betrayed Armenia-«Դավաճանված Հայաստան»(1912), «In His Name»-«Իր անունով»(1911), «The Peace of Europe»-«Եվրոպայի խաղաղությունը», «The Peace Problem»-«Խաղաղության հարցը»(1912), «Peace and No peace»-«Խաղաղություն և ոչ խաղաղություն»(1912): Նա նաև կատարել է ժամանակի հանրահայտ «Թայմս», «Ֆիգարո» և այլ թերթերի ու ամսագրերի պատվերները` գրելով հոդվածներ Արևելքի երկրների տնտեսության վերաբերյալ: Բացի հայերենից ու անգլերենից Դիանան տիրապետել է նաև հնդկերենին, ճապոներենին ու չինարենին:

Դիանան նաև բանաստեղծություններ է գրել, որոնք լույս են տեսել եվրոպական ու ամերիկյան մամուլում: Նրա վերջին գործը եղել է «From the Book of One Thousand Tales», «Stories of Armenia and its People»-«Հազար պատմվածքների գրքից», «Հայաստանի ու նրա մարդկանց պատմությունները» պատմվածքների ժողովածուն, որը 2004-ին ԱՄՆ-ում հրատարակել է նրա թոռնուհին` Լուսիլ Աբգարը: Ճիշտ է, դրանք գեղարվեստական գրվածքներ են, սակայն բոլորն էլ իրական հիմք ունեն և ներկայացնում են հայ ժողովրդի կյանքն իր հայրենիքում: Աբգարը դրանք լսել և գրի է առել Ճապոնիա հասած հայ փախստականներից:

Դիվանագետը լավատեղյակ էր ինչպես հայ ժողովրդի ծանր վիճակի, այնպես էլ եվրոպական երկրներից տրվող օգնության պակասի մասին: Ճապոնացի ուսումնասիրող Հիդեհարու Նակաջիմայի խոքերով` «Դիանա Աբգարը, 46 տարի ապրելով հեռավոր Ճապոնիայում, միակ հայ կինն էր, ով լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին»: Նա ամեն ինչ արել է Եվրոպայի օգնությունը կազմակերպելու ուղղությամբ, բայց ապարդյուն: Դիանան ցանկանում էր, որ ԱՄՆ-ը խնամակալ պետություն դառնա Հայաստանի համար, որը նույպես, ինչպես գիտենք, տեղի չունեցավ:

Դիանա Աբգարի գերեզմանը Յոկոհամայում
Հայոց ցեղասպանությանը հաջորդող տարիներին իր կրթությամբ, հարստությամբ ու հայրենասիրությամբ մեծ համբավ ու հեղինակություն վայելող Դիանան դրսևորեց իր մեծ սերն ու հարգանքը հայ ժողովրդի հանդեպ: Նա փորձում էր ամեն կերպով օգտակար լինել ազգակիցներին ու Հայաստանին, որտեղ, ի դեպ, երբեք չէր եղել: Եվ դա նրան հաջողվեց: Դիանան կարողացավ օգնել բազմաթիվ հայ գաղթականների, ովքեր Սիբիրի և Ճապոնիայի վրայով փորձում էին անցնել ԱՄՆ:

Ասում են, որ Ճապոնիայում միշտ էլ հայերի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք են ունեցել, ուստի անժխտելի է Դիանա Աբգարի մեծ ավանդը հայ-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների կայացման գործում: Թողնելով իր աշխատանքը` Դիանան անձամբ է գնացել ճապոնական իշխանությունների և հյուպատոսների մոտ` փախստական հայերի փաստաթղթերի խնդիրները կարգավորելու և նրանց ճանապարհորդությունը դյուրացնելու համար: Նա իր առևտրական գործակալությունը օգտագործել է որպես հայ գաղթականների դիվանագիտական առաքելության գրասենյակ, իսկ իր տունը` նրանց ժամանակավոր ապաստարան:
  

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ (ՄԱՍ II)


1919 թվականին Դիանան մասնակցել է Խարբինում (Չինաստան) կայացած Սիբիրի և Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովին, որտեղ նրան ընտրել են պատվավոր նախագահ:
1920 թվականի հուլիսի 2-ին Դիանա Աբգարը նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում: Պահպանվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի նամակը Դիանա Աբգարին` վերջինիս հյուպատոս նշանակելու մասին: Նամակում Օհանջանյանը շնորհակալություն է հայտնում նրանից` նորածին հայրենիքի շահերը պաշտպանելու և հայրենակիցների ծանր վիճակը թեթևացնելու համար: Դիանա Աբգարի դեսպան նշանակվելուց հետո, Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը` հեշտացնելով տիկնոջ մարդասիրական գործունեությունը և փախստականներին տրվող օգնությունը: Նրա հովանավորությունն են վայելել նաև Սինգապուրի և Ինդոնեզիայի հայերը:
Ժամանակիցների վկայությամբ` Դիանա Աբգարը եղել է զարգացած, կրոնասեր, քաղաքականապես տեղեկացված, գթառատ և հստակ գործող անձնավորություն: Նա ունեցել է նաև շատ տպավորիչ արտաքին ու հմայք: Երբ նա մտել է տարբեր դահլիճներ, բոլոր ազգերի դիվանագետները միշտ ոտքի են կանգնել:

Ճիշտ է, Դիանա Աբգարի գործունեությունը ոչ միշտ է գնահատվել ճապոնացիների և հատկապես հայերի կողմից, բայց Ամենայն Հայոց Գևորգ Ե կաթողիկոսը, ըստ արժանվույն գնահատելով Աբգարի գործունեությունը, 1926-ին արժանացրել է նրան հատուկ կոնդակի` հայ ժողովրդի շահերին ծառայելու և դժվար պահերին նրա կողքին լինելու համար:

Դիանա Աբգարի թոռները 
Դիանա Աղաբեկի Աբգարը մահացավ 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում: Նրա աճյունն ամփոփվեց տեղի օտարերկրացիների գերեզմանատանը` ամուսնու շիրիմի կողքին:
Աբգարը հայոց պատմության մեջ թողել է քաջ, ազնիվ, խելացի, արդար ու գթասիրտ հայ կնոջ կերպար:

******
Վերջերս Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր երեկույթ` ի պատիվ դեսպան Դիանա Աբգարի ժառանգների, նրա թոռան` Մայքլ Աբգարի և ծոռան` Դենիզ Աբգարի: Հոկտեմբերի 17-ին լրացել է Հայ մտավորական, հասարակական և քաղաքական ականավոր գործիչ Դիանա Աբգարի ծննդյան 141-րդ տարեդարձը: Այս առաքելությանը նրանց էր միացել նաեւ Ճապոնիայում ՀՀ դեսպանության անձնակազմը` ծաղկեպսակ դնելով Յոկոհամայում:

Երեկույթի վերջում Մայքլ Աբգարն ու նրա դուստր` Դենիզ Աբգարը դեսպանությանն են նվիրաբերել իրենց ընտանիքին պատկանող արխիվային նյութեր, ի թիվս Հայաստանի ԱԳ նախարար Համո Օհանջանյանի 1920 թ. հուլիսի 22-ով թվագրված պաշտոնական նամակի պատճենը` Դիանա Աբգարին պատվո հյուպատոսի կոչում շնորհելու վերաբերյալ:    

4 comments:

  1. Շնորհակալություն:

    ReplyDelete
  2. Ու՜մ մտքով կանցներ: Շնորհակալություն կարևոր տեղեկության համար:

    ReplyDelete
  3. Իսկ Դիանա Աբգարից էլ շուտ դեսպան է եղել Ռսզիկա Շվիմերը (Rosika Schwimmer), ազգությամբ հրեա, որը 1918 թվականից եղել է դեսպան Շվեյցարիայում:

    Այս կայքում ներկայացված են կին ղեկավարները. http://www.guide2womenleaders.com/index.html , 1918 թվականին Շվիմերը Հունգարիայի դեսպանն էր. http://www.guide2womenleaders.com/Ambassadors_F-I.htm

    Էստեղ էլ է գրված Աբգարի, Կոլոնտայի և Շվիմերի մասին: http://asyou.pinkarmenia.org/gender/2011/intothepast/

    Դիանա Աբգարին, ուստի, կարող ենք համարել ԱՐևԵԼՔՈՒՄ առաջին կին դեսպանը ))

    ReplyDelete