Friday, December 2, 2011

Հաշմանդամ մարդիկ` հասարակության լիիրավ անդամներ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին:
Սենեկա Կրտսեր

Անգլիացի գրող և լորդերի պալատի անդամ Ջորջ Գորդոն Բայրոնի հասակակիցները փոքրուց ծաղրել են գրողին` հաշմանդամության պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը թաքցրել է իր հաշմանդամությունը, քանի որ կարծում էր, որ Ամերիկայի ժողովուրդը երբեք հաշմանդամ մարդուն նախագահ չի ընտրի: Ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, մարդկանց տեղեկացված և իրազեկ չլինելու պատճառով հաշմանդամ մարդիկ օտարվում և մեկուսանում են հասարակությունից:


Ի՞նչ է հաշմանդամությունը

Ներկայումս հաշմանդամության ընկալման վերաբերյալ գոյություն ունեն և գործնականում կիրառվում են երկու մոտեցում` բժշկական և սոցիալական: Դրանցից յուրաքանչյուրը շեշտադրում է, թե ինչն է որոշիչ «հաշմանդամ» բառի մեջ: Եթե կենտրոնանում ենք միայն առողջական խնդիրների վրա և հաշմանդամություն ունեցող մարդկանց համարենք առաջին հերթին հիվանդ, ապա նրանց դրության բարելավման գործողությունները կկրեն հիմնականում բժշկական բնույթ: Ըստ բժշկական մոդելի` մարդը հաշմանդամ է դառնում ֆիզիկական, մտավոր կամ զգայական պրոբլեմների հետևանքով:
Սակայն հաշմանդամության վերաբերյալ գոյություն ունի նաև մեկ այլ` սոցիալական մոտեցում: Այս մոտեցման շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է նախևառաջ որպես միջավայրի անմատչելիության, հաշմադամ մարդկանց կարիքներին հարմարեցված չլինելու հիմմնախնդիր: Միջավայրի անմատչելիության տակ հասկացվում է ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական արգելքների, խոչըդոտների ամբողջական համալիրը, որը խանգարում է հաշմանդամ մարդկանց օգտվել այն իրավունքներից, որոնցից օգտվում են մյուս մարդիկ: 



Ինչպե՞ս շփվել հաշմանդամ մարդկանց հետ

- Հաշմանդամ մարդու հետ խոսելիս դիմիր անմիջականորեն իրեն, ոչ թե ուղեկցողին:
- Չտեսնող կամ թույլ տեսնող մարդու հետ հանդիպման ժամանակ անպայման ներկայացիր և ներկայացրու քեզ հետ եկած մարդ-կանց:
- Չափահաս հաշմանդամ մարդուն դիմիր ինչպես չափահասի: Անցիր «դու»-ի, եթե բավականաչափ մտերիմ եք:
- Վատ լսող մարդու հետ զրուցելիս ուշադիր լսիր: Սպասիր մինչև նա ավարտի ասելիքը: Մի ձևացրու, թե հասկացար նրան, եթե դա այդպես չէ:
- Անվասայլակ օգտագործող մարդու հետ զրուցելիս աշխատիր, որ ձեր աչքերը նույն հարթության վրա գտնվեն:
- Անվասայլակը քշելիս հիշիր, որ դրա ընթացքը հեշտությամբ արագանում է և անսպասելի հարվածից կարող է կորցնել հավասարակշռությունը:
- Օգնություն առաջարկելիս սպասիր, մինչև այն կընդունվի, հետո հարցրու, թե ինչ և ինչպես անել:
- Սխալ պատկերացում է, որ հոգեկան խանգարում ունեցող բոլոր մարդիկ հակված են բռնության: Եղիր ընկերական, և նրանք իրենց հանգիստ ու ապահով կզգան:
- Սխալ պատկերացում է, որ հոգեկան խանգարում ունեցող մարդիկ ցածր ինտելեկտ ունեն:
- Մտավոր պրոբլեմներ ունեցող մարդու հետ զրուցելիս խոսիր պարզ, խնդիրը բացատրիր քայլերով:
- Երբ չգիտես, թե ինչպես վարվել, մի շփոքվիր և այդ մասին հարցրու հաշմանդամ մարդուն: Դրանով ցույց կտաս նրա հետ շփվելու քո պատրաստակամությունը: 

Ի՞նչ բառեր և արտահայտություններ օգտագործել

Հաշմանդամ մարդիկ զգայուն են իրենց բնութագրող բառերի նկատմամբ:
Առաջարկում ենք օգտագործել այնպիսի բառեր և արտահայտություններ, որոնք «չեզոք» են, այսինքն` կարծրատիպեր չեն ստեղծում.
հաշմանդամ» բառի հականիշը «ոչ հաշմանդամն» է
- մանկուց հաշմանդամ, ոչ թե բնածին արատ
- հաշմանդամ մարդիկ, ոչ թե հաշմանդամներ
- հատուկ կարիքներով մարդ
- տեսողական և լսողական խնդիրներ ունեցող մարդ
- անվասայլակ օգտագործող մարդ, ոչ թե անվասայլակին գամված
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ
Խուսափիր այնպիսի բառերից ու արտահայտություններից, ինչպիսին են.
- հիվանդ, անկարող, խեղված, խեղանդամ, անդամալույծ, ոչ լիարժեք, ոչ նորմալ,
- հիվանդության զոհ, խեղճ, անբախտ,
- խուլ, համր,
- անկաչող, հիվանդ,
- տկարամիտ, դեբիլ,
- հոգեկան, թուլամիտ, աննորմալ, գիժ:
Նման արտահայտություններից բարեկիրթ մարդիկ խուսափում են ցանկացած պարագայում:
Ըստ անցկացված հարցումների` հաշմանդամ մարդկանց մեծ մասը «հաշմանդամ» բառն ավելի է նախընտրում: Բացի այդ, յուրաքանչյուր մարդուն պետք է անունով դիմել:


Պատմության մեջ հայտնի հաշմանդամ մարդիկ

Պյութագորաս
Հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասին վերագրում են բազմաթիվ հայտնագործություններ երկրաչափության, աստղագիտության և այլ բնագավառներում: Մենք մինչ օրս օգտագործում են նրա հայտնագործություններից շատերը: Պյութագորասը էպիլեպսիա ուներ, որի պատճառով հաճախ ուշաթափություններ  է ունեցել:

Հուլիոս Կեսար
Ռազմական և քաղաքական գործչի փայլուն ունակություններով օժտված Կեսարը իրեն էր ենթարկել ներկայիս Ֆրանսիան, հաղթել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմներում: Նա ահ ու սարսափ է տռարածել հեռու ու մոտ երկրներում: Քչերին է հայտնի, որ ինչպես Պյութագորասը, այնպես էլ Հուլիոս Կեսարը էպիլեպսիա ուներ:

Լյուդվիգ վան Վեթհովեն
Գերմանացի կոմպոզիտորը, ում համարում են բոլոր ժամանակների ամենատաղանդավոր մարդկանցից մեկը փոքրուց լսողության խնդիրներ է ունեցել և չնայած օրեցօր լրջացող հիվանդությանը շարունակել է հրաշալի երաժշտություն հորինել:

Լուի Բրայլ
Ֆրանսիացի մանկավարժը 3 տարեկան հասակում կորցրել է տեսողությունը: 20 տարեկան հասակում նա հայտարարեց իր նշանավոր հատնագործության մասին, որը կույր մարդկանց կարդալու հնարավորություն է տալիս:

Ալբերտ Էնշտեյն
Ներկայիս ֆիզիկայի հիմնադիր Ալբերտ Էնշտեյնը առաջին հերթին հայտնի է որպես հարաբերականության տեսության հիմնադիր: Էնշտեյնը մեծ ավանդ ունի նաև քվանտային մեխանիկայի զարգացման մեջ: Էնշտեյնը դիսլեքսիա ուներ, որի ժամանակ, մարդիկ դժվարանում են սովորել, ինչպես նաև ունեն ուշադրության դեֆիցիտ:

Ֆրանկլին Ռուզվելտ
ԱՄՆ նախագահը (1932-1945թթ.) իր պաշտոնում վերընտրվել է 4 անգամ: Քաղաքագետները կարծում են, որ Ռուզվելտը ԱՄՆ նախագահական ինստիտուտի հիմնադիրն է: 38 տարեկան հասակում պոլիոմելիտ տարավ, որի հետևանքով ոտքերը թուլացան և նա ստիպված էր սայլակ օգտագործել: Սակայն Ռուզվելտը մերժում էր սայլակը և ամեն կերպով փորձում էր թաքցնել իր հաշմանդամությունը, քանի որ վստահ էր, որ ամենիկացիները հաշմանդամ մարդուն նախագահ չեն ընտրի:

Ռեյ Չարլզ
Ռեյ Չարլզը դաշնամուր նվագել մանկուց է սկսել: 6 տարեկան հասակում նա կորցրեց իր տեսողությունը: 50-ականների կեսերին նրա երգերը գլխավորում են բոլոր երաժշտական հիթ շքերթները: Նրա ավանդը ժամանակակից երաժշտության մեջ անգնահատելի է:

Սթիվի Ուանդեր
Բժիշկների սխալ միջամտության պատճառով երաժիշտը մանուկ հասակում կորցրեց իր տեսողությունը: Չնայած դրան Սթիվին 7 տարեկան հասակում սկսեց դաշնամուր նվագել: Հետագայում նրան նկատեցին և նա մեծ հաջողությունների հասավ: Իր կուրության մասին Սթիվին ասում է, որ այն օրհնությունը, որը օգնում է նրան կենտրոնանալ իր զգացմունքների վրա:

ԳՐԻԳՈՐ ԵՐԻՑՅԱՆ

No comments:

Post a Comment