Իմ տունը գտնվում է սարերում` այնքան բարձր,
որ ականջիս հասնում է Աստծո հազը:
Տոնինո Գուերրա
Իմ ոչ այնքան երկար լրագրողական կյանքում շատ հաճախ հանդիպել եմ մարդկանց, իրական լեգենդների, ովքեր իրենց հետքն են թողել համաշխարհային կինոարտադրության, երգարվեստի, թատրոնի ու նկարչության ասպարեզում: Միայն նրանց տեսնելու և նրանց հետ զրուցելու համար արժեր իմ կայնքի մի քանի տարիները նվիրել այդ մասնագիտությանը, որը շատ էի սիրում, բայց ստիված եղա թողնել:
Այդ մարդկանցից մեկը, ում հետ զրույցը անգիր հիշում եմ մինչև հիմա, իտալացի հանրահռչակ բանաստեղծ, կինոսցենարիստ, դրամատուրգ, նկարիչ և քանդակագործ Տոնինո Գուերան էր:
Ինձ բախտ է վիճակվել Տոնինո Գուերային անձամբ հանդիպել երկու անգամ: Եթե առաջին անգամ` 2006-ին, բավարարվեցի ասուլիսի ժամանակ միայն մեկ հարցով, ապա արդեն 2008-ին ինձ հաջողվեց զրույց կորզել նրանից: Շուտով, այն տպագրվեց հայտնի թերթերից մեկում:
Ներկայացնում եմ հատվածներ տարիներ առաջ լույս տեսած այդ հոդվածից:
Մաեստրոն հարյուրավոր կինոսցենարների հեղինակ է: Նրա գործընկերներն էին դարի խոշորագույն ռեժիսորները` Անտոնիոնին, Տարկովսկին, Ֆելինին, Փարաջանովը: 2004-ին նրան շնորհվել է «դարի լավագույն սցենարիստ» տիտղոսը: Նրան անվանում են «Վերածննդի այժմյան ասպետ», «դարի վերջին հումանիստ», անձամբ իր բնութագրմամբ` պարզապես Պոետ:
***************
Առաջին անգամ Գուերան Հայաստան այցելեց 2006-ին: Իտալիա վերադառնալուց հետո մտածում էր կրկին «Փարաջանովի երկիր» վերադառնալու մասին: Թվում էր` դարի լավագույն սցենարիստի ցանկությունն իրական չէ, քանի որ այդ պատկառելի տարիքում մեծ ճանապարհ կտրելն այդքան էլ հեշտ չէ: Այնուամենայնիվ, ուժեղ ցանկությունը և հայկական կողմի համառությունը կրկին նրան Հայաստան բերեցին:
***************
«Հայաստանը ճանապարհորդություն է դեպի վեր, դեպի բարձունք. ամեն անգամ գալով Հայաստան` մեծ մարդկային ջերմություն եմ ստանում ու ապրելու մեծ ուժ: Հայաստանը յուրատեսակ երկիր է, որտեղ ամեն ինչին յուրատեսակ մոտեցում կա: Ճիշտ է, ես հոգով շատ երիտասարդ եմ, բայց ամեն անգամ գալով Հայաստան` ավելի եմ երիտասարդանում»:
***************
Տոնինո Գուերան հայոց լեզվի և հայոց այբուբենի մասին. «Սկզբից այն ինձ ներկայացավ ընդամենը հետաքրքիր և տեսարժան, բայց շատ շուտով այդ լեզվի մեջ ամփոփված մեծ կանչը հասավ ինձ: Այբուբենը ճշմարիտ, ամուր, մածուցիկ լուծույթ է, որն ամրացնում է ազգը: Եթե այբուբենը կորցնի իր նշանակությունը, ապա կվերածվի անհասկանալի խշխշոցի` անձրևի խշշոցի և շարժիչի դղրդոցի մեջ: Եվ այն ժողովուրդը, ազգը, որին նա պատկանել է` կդադարեն գոյատևել»:
***************
Տոնինո Գուերան իր կյանքը չի պատկերացնում առանց այն հուշերի, որոնք իր մեջ ամեն անգամ արթնացնում են իր մտերիմ ընկերները` անցած դարի լեգենդար արվեստագետները: Նա առանձնահատուկ սիրով է պատմում նրանց հետ անցկացրած օրերի մասին:
- Ես չեմ սիրում խոսել միայն իմ մասին, բայց իմ պարտքն եմ համարում խոսել Փարաջանովի մասին` իր իսկ հայրենիքում, ցանկանում եմ պատմել Ֆելինիի ու Անտոնիոնիի կյանքի թաքնված էջերի մասին: Եթե չլինեին նրանք, չէր լինի կինոարվեստը, և նրանց մասին չխոսել ես չեմ կարող:
***************
Արվեստագետի նշանաբանն է. կյանքին նայել միշտ լավատեսորեն, որովհետև լավատեսությունը կյանքի բուրմունքն է: Թերևս այդ լավատեսությունն է նրան օգնում ապրել, արարել ու սիրել կյանքը` իր բոլոր դրսևորումներով:
No comments:
Post a Comment