Հիշո՞ւմ եք փետրվարին լրագրողների հետ սրտաճմլիկ հանդիպման ժամանակ մեր վարչապետը ինչ հայտարարեց. «Հայաստանը պետք է դառնա գիտելիքահեն երկիր»:
Հետո ավելացրեց` «առաջիկա 10 տարում մենք պետք է ունենանք համաշխարհային լավագույն չափանիշներին համապատասխան տասը համալսարաններ։ Եթե մենք չլուծենք այս խնդիրը, ապա մենք ապագա չենք ունենա»։
Ամեն անգամ կրթության ոլորտին առնչվելով համոզվում եմ, որ այսպես շարունակելով ո´չ 10, ո´չ 20 և անգամ 30 տարի հետո մենք նման համալսարաններ չենք ունենա: Դրա մասին են վկայում կրթության և գիտության ողբերգական վիճակը, կրթական ոլորտում առկա կոռուպցիան, փոքր ու մեծ մեքենայությունները, աճող ուսումնական վարձերը, կրճատվող կրթաթոշակները, երկիր ներմուծվող աղքատիկ և թանկ մասնագիտական գրականությունը, կիսագրագետ մասնագետներն ու ուսանողները, նախարարության ու համալսարանների խորհրդային-հետամնաց աշխատաոճը:
Միայն մեկ դեպքում մենք առաջիկա 10 տարում կհամապատասխանենք համաշխարհային լավագույն չափանիշ-ներին, եթե, օրինակ, առաջիկա 10 տարում վերոնշյալ բացասական միտումները, որոնք բնորոշ են հայկական բուհերին, վարակեն նաև, ասենք, Հարվարդի, Յեյլի, Օքսֆորդի, Չիկագոյի, Սթենֆորդի, Բերքլիի կամ աշխարհի այլ լավագույն համալսարանները:))
Այս դեպքում վարչապետի կանխատեսումները կիրականանան և հայկական բուհերը կդասվեն աշխարհի լավագույն բուհերի շարքում:
Թվում է, թե նորություն չեմ ասում: Բոլորս էլ ամեն ինչ գիտենք, ամեն ինչ հասկանում ենք, ամեն ինչից լավ տեղյակ ենք, մի տեսակ արդեն նույնիսկ համակերպվել ենք: Շատերիս էլ այս վիճակը ձեռնտու է, չէ՞:
Չգիտեմ ձեզ ոնց, բայց ինձ այս վիճակը ամենևին էլ դուր չի գալիս: Ինքս չորս տարի սովորել եմ մի կրթական հաստատությունում, որն ինձ ամեն օր զարմանալու նորանոր առիթներ էր տալիս:
Հենց այստեղ ես պարզեցի հանրահայտ ճշմարտություններ, որոնց մասին մինչ այդ տեղյակ չէի: Օրինակ`
· Ամեն ինչ վաճառվում է, եթե կա վաճառող և կա գնորդ:
· Ուսանողը ընթացիկ քննության չի կարող ներկայանալ, եթե ուսման վարձը չի վճարել:
· Ինտերնետի յուրաքանչյուր 30 MB-ը արժե 500 դրամ:
· 19 համակարգիչ` 19 հազար ուսանողի համար:
· Դեկանը միշտ ճիշտ է:
· Ուսանողը պետք է իր տեղն իմանա:
· Անվճար հիմունքներով սովորող ուսանողին կրթաթոշակ չի հասնում:
· Ջեռուցումը միացվում է դեկտեմբերի 1-ից (լավագույն դեպքում):
Հանրահայտ ճշմարտությունների այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել: Եվ սա այն համալսարանի մասին է, որն, ըստ վարչապետի, 10 տարի անց պետք է համապատասխանի համաշխարհային լավագույն չափանիշներին:
Grigor hamadzayn em qez het!!!!! isk es arden 2 tari e inch buhum em sovoruum ev amen or tesnum em anardarutyun!!!!!! isk amenavat@ ayn e vor shaat depqerum usanoxi iravunq@ chi hargvuum!!
ReplyDeleteՇատ լավ հասկանում եմ քեզ: Այս դեպքում միակ ելքը սեփական իրավունքներն իմանալն ու պաշտպանելն է: Շատ ուսանողներ խուսափում են սեփական իրավունքների պաշտպանությունից` մտածելով, որ կարող են վտանգել իրենց: Պետք է ավելի հեռատես լինել ու մտածել ոչ թե գնահատականի մասին, որը շատ հաճախ չի համապատասխանում իրականությանը, այլ կրթության որակի մասին: Ի վերջո, մենք վճարում ենք մեր կրթության համար և պետք է որակ պահանջենք:
ReplyDeleteԿռահում եմ որ համալսարանում եք սովորում ։)
ReplyDeleteԳրիգոր նախ բլոգիդ բարի երք։ Քո մտահգությունների մեծ մասը կիսում եմ, թեև գիտեմ, որ առաջիկա ոչ 10 և ոչ էլ 50 տարիների ընթացքում Հայաստանում համալսարան չի լինելու, որ աշխարհի առաջին տասնյակում տեղ կզբաղվեցնի, ինչպես քո նշածներն են։ Ժամանակն է, որ հասկանանք մեր իրական ներուժը ու ձգտենք դրա իրականացմանը և ոչ թե ասենք անենալավը կամ ոչինչ, քանի որ էս դեպքում հաստատ կլինի ոչինչ։ Բայց ինձ դուր չի գալիս այն հանգամանքը, որ դու քո գրառումում լիովին ակնեղծ չես ու հիմա կբացատրեմ, թե ինչու։ Նախ "ամեն ինչ վաճառվում է" հայտարարությունդ ընդունում են որպես անձնական վիրավորանք ու անհիմն պնդում, քանի որ դու և ոչ մեկը մեր բաժնում չի կարող ասել մի դեպք, երբ ես և իմ շատ կոլեգաներ որևէ բան են "վաճառել"։ Ավելին նման անհիմն դատողություններ ինձ ստիպում եմ մտածել, որ իզուր ժամանակ եմ վատնում մի տեղ, որտեղ չափահաս ուսանողների մեծամասնությունը մանկապարտեզի երեխայի վարք ունի իսկ էն փոքրամասնությունը, ում կարող էիր օգտակար լինել, վերջում ոչ միայն հայտարարում ՝է, որ ամեն ինչ խայտառակ վատն է /ընդ որում դասերի ընթացքում անընհդատ ձեզ քաջալրել եմ, որ ասեք, թե ինչը կարելի է փոխել ու բարելավել, բայց այդպես էլ ոչ մի առաջարկ չստացա/, բոլորը ծախու են ու պետք է արագ արագ իրերը հավաքել /վերջին քեզ անձամբ չի վերաբերում, բայց շատ է նման հաճախ կարելի է լսել նման մոտեցում/։
ReplyDeleteՀետո քո քննադատությունը միակողմանի է՝ վերաբերում է միայն համալսարանի գիտական ու տեխնիկական հնարավորություններին, իսկ ուսանողներին պատահաբար կամ գիտակցված մոռացել ես։ Դու խոսում ես Յեյլի ու Հարվարդի մասին, բայց գիտե՞ս, թե օրինակ որքան են կարդում այնտեղի ուսանողները /ասենք օրը 50-100 էջ/, իսկ ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ձեր կուրսում, որը ընդհանուր առմամբ հաջող և ուժեղ կուրս էր, չկա մեկը, ով կարդացել է իմ առարկայի շրջանակում հանձնարարված պարտադիր գրականության գոնե 70 %-ը, ընդամենը մոտ 8-10 հոդված ամբողջ սեմեստրի ընթացքում։ Սա ու՞մ մեղքն է կամ պատասխանատվությունը։ Պարզապես էն ուսանողները, ով երկու երեք միտք կարող են իրար կապել, սովորել են, որ քաղաքագիտությունը ընդամենը արագ արագ բարդ մտքեր արտասանելն է ու քանի որ հաճախ դա իր նպատակին ծառայում է /5-ը ստանում են/, իրական կրթություն ստանալու համար մատը մատին չեն տալիս, փոխարենը քննադատելը դարձել է բոլորի զբաղմունքը։ Քննադատելը լավ է, բայց միայն քննադատելով բան չի լինում, գործ է պետք անել ու ամեն մեկը իր գործը պետք է անի, նախքան մյուսներին սխալ հանելը կամ գոնե դրան զուգահեռ։
ջերմորեն
Համազասպ Դանիելյան
Հարգելի´ պրն Դանիելյան, շնորհակալ եմ արձագանքելու, բլոգում թողած մեկնաբանության և իմ մտահոգությունները կիսլեու համար: Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ իմ գրառման մեջ անկեղծ չեմ եղել: "Ամեն ինչ վաճառվում է" ասլեով նկատի չունեմ ոչ ձեզ, ոչ էլ ձեր կոլեգաներին, ուստի գրածս անձնական վիրավորանք ընդունել պետք չէ: Նախադասության իմաստը կայանում է նրանում, որ մեր բուհում մատուցվող բոլոր ծառայությունները, որոնք այլ նորմալ բուհերում ներառված են ուսումնական վարձի մեջ, կազմում են լրացուցիչ գումար, որը ուսանողները պետէ է վճարեն: Նշեմ մի քանիսը` մեր ուսանողները 4 տարիների վաստակած սեփական գնահատականների թարգմանությունը վերցնելու համար պետք է վճարեն 5000 դրամ ամեն էջի թարգմանության + 1000 դրամ ամեն էջի վավերացման համար: Այսինքն, եթե ուզում եք վերցնել գնահատականների թարգմանությունները անգլերեն և ռուսերեն, ուրեմն պետք է վճարեք 36 հազար դրամ: Մագիստրատուրա դիմում հայտ ներկայացնելը 1000 դրամ է, մինչ դեռ այլ բուհերում դա անվճար է: Բուհի տարածքում վաճառվում է ինտերնետ, ինչը պետք է անթույլատրելի լինի, իսկ անլար կապը բացակայում է: Մեր ամբիոնի դասախոսների հրատարակած շատ գրքեր չկան գրադարանում, ուստի դրանք վաճառվում են 3000 – 6000 դրամով + ուսանողը պետք է ինքն առնի անգլերենի բոլոր դասագրքերը: Չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ շատ դասախոսներ վաճառքի են հանում գնահատականները, ստուգարքները: Բարեբախտաբար, ինքս սովորելով մեր ֆակուլտետում երբևէ գնահատական չեմ գնել ու նման առաջարկ չեմ էլ ստացել և մեզ մոտ չի գործում գնահատկան գնելու համակարգը, փոխարենը` շատերը աշխատում են խծբ սկզբունքով: Հուսով եմ կարողացա բացատրել գրածիս իմաստը: Ինչ վերաբերում է նրան, որ չափահաս ուսանողների մեծամասնությունը մանկապարտեզի երեխայի վարք ունի` լիովին համաձայն եմ և քննադատությունը միակողմանի չէ, քանի որ գրառման մեջ նշվում է նաև կիսագրագետ ուսանողների մասին: Սակայն այստեղ կրկին բուհի կամ կրթական գերատեսչությունների մեղավորությունն է: Ով է իրենց խնդրում 30 ուսանողի փոխարեն 150-ին ընդունեն, կամ ով է ստիպում ԳԹԿ-ին նվազագույն շեմը իջեցնել 7-ի: Ուսանողն այստեղ մեղավորություն չունի, որ պատահաբար հայտնվել է բուհում: Օրինաչափ է ու բնական, որ նման ցածր չափանիշների առկայության պարագայում համալսարան ընդունվող ուսանողը պետք է մանկապարտեզի երեխայի վարք ունենա, չկարդա, չսովոորի ու մատը մատին չտա: Պատասխանատվությունը կրում է այն մարմինը, ով նրան ընդունել է և պահում է մինչև վերջ: Ասեմ, որ այդ մարդիկ հիմնականում բարձր գնահատականներով են ավարտում: Նման պարագայում ինչ 50-100 էջի մասին ենք խոսում: Մարդիկ կան ուսումնառության 4 տարում այդքան չեն կարդում:
ReplyDeleteՀամաձայն եմ, որ քննադատելու հետ զուգահեռ նաև պետք է ամեն մեկն իր գործն անի: Գիտեմ, որ դուք ձեր գործը շատ լավ եք անում ու շնորհակալ եմ, որ ձեր դասաժամերի ընթացքում մեզ խոսելու հարթակ եք տվել: Կարող եմ ասել, որ դա բացառիկ ժամերից էր, երբ ես լսել եմ իմ համակուրսեցիներին խոսելիս: Չնայած մասնագիտությունս փոխելու եմ և մեր ֆակուլտետում այլևս չեմ սովորելու, հույս ունեմ, որ դրական փոփոխություններ կլինեն:
Հարգանքներով`
Գրիգոր Երիցյան