Tuesday, August 16, 2011

ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ` Հայաստանի դպրոցներում


Մի քանի օրից կմեկնարկի նոր ուսումնական տարին` բերելով նոր հոգսեր և նոր խնդիրներ: Խնդիրների ցուցակում կան այնպիսինները, որոնք դարձել են դպրոցների անբաժան մասը: Խոսքը մեր երեխաների ու երիտասարդների շրջանում տարածված դաժանության ու բռնության մասին է, որի մասին խոսելն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում առավել քան արդիական է: Շատ երկրներում դպրոցի հինգ աշակերտներից մեկը ենթարկվում է բռնության հասակակիցների, բարձր դասարանիցիների կամ էլ ուուցիչների կողմից:

Առավել հաճախ ագրեսիայի ամենադաժան դեպքերը բռնկվում են դպրոցում, այնտեղ, ուր ձևավորվում է մարդու անհատականությունը:

ԲՌՆՈՒԹՅԱՆ հայկական մոդելը

Հայաստանի դպրոցներում երեխաների հանդեպ կիրառվող բռնությունների թիվը տարեցտարի աճում է: «Արմենիա Նաու» տեղեկատվական կայքի հրապարակումներից մեկում ներկայացված են աշակերտների նկարագրած բռնության դեպքերը.

- «Ռազմագիտության ուսուցիչը դասը պատասխանողին խփում է ցուցափայտով, քաշում տղաների ականջից և ստիպում այդ վիճակով 10 անգամ իջնել-բարձրանալ»,

- «Ուսուցիչը տղաներից մեկին գցել էր հատակին և ոտքերով խփում էր: Նույն ուսուցիչը դասասենյակում ծխում է, ծխախոտի մնացորդը գցում ծաղկամանների մեջ» (Լոռի),

- «Փայտե եզրագիծ ունեցող քարտեզով այնքան խփեց գլխիս, մինչև փայտը կոտրվեց»,

- «Գլխարկը չեմ հանում գլխիցս, որ ականջս չքաշեն», «Այնպես խփեց դեմքին, որ ատամները կոտրվեցին» (Շիրակ):


Բազմաթիվ են նաև երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների դեպքերը: Սյունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցիչը չափազանց սիրալիր էր աշակերտուհու հետ: Օրերից մի օր նա փորձում է տիրանալ աղջկան, սակայն վերջինիս հաջողվում է փախչել: Այս դեպքից հետո ուսուցիչը սկսում է կոպիտ վարվել նրա հետ, ինչի արդյուքնում աղջիկը ստիպված փոխում է դպրոցը:

Պարզենք, թե որո՞նք են երիտասարդների շրջանում բռնության հիմնական պատճառները դպրոցներում:

1. Ոչ ավանդական արտաքին
Շատ հաճախ իրենց հասակակիցների կողմից չեն ընդունվում այն երիտասարդները, ովքեր ունեն ոչ ավանդական արտաքին: Տարբերվող սանրվածքը կամ պարզապես միջավայրից առանձնանալու ցանկությունը կարող են լինել տվյալ մարդու դատավճիռը: Ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում, որտեղ նախապաշարմուքներն ու կարծրատիպերը չեն դադարել իշխել մարդկանց, պատկերը ճիշտ և ճիշտ այդպիսին է: Այս դեպքում մարդու իրավունքների, անձնական կյանքի ու սեփական ոճն ազատ ընտրելու իրավունքների մասին անիմաստ է խոսել, քանի որ այդ մասին քչերն են տեղյակ:

2. Տարբերվող հագուկապ
Բռնության ենթարկելու համար մեկ այլ պատճառ է երիտասարդ տղայի կամ աղջկա հագուկապը: Համեմատաբար ազատ, ոճային և պայծառ գույների մեջ հագնվողները որակվում են տարբեր պիտակներով: Եվ կրկին, ոչ ոք ինքն իրեն չի հարցնում, թե արդյոք իրավունք ունի պիտակավորելու դիմացինին: Գուցե ասեք, որ սա կապ չունի բռնության հետ, բայց հոգեբանական ճնշումը բռնության տեսակներից թերևս ամենավտանգավորն է:

3. Շահերի բախում
Շատ հաճախ կռիվը դպրոցում կարող է բռնկվել առանց լուրջ պատճառի, երբ պարզապես կողմերը ինչ-որ բան չեն կիսել կամ նրանց շահերն ու հետաքրքրությունները չեն համընկնում: Տվյալ դեպքում լավագույն լուծումը առավել թույլ կողմից վրեժ լուծելն է: Համաձայնեք, որ իրավիճակը, երբ հինգ հոգի ծեծում են մեկին, իսկ անցորդները հաճույքով հետևում են դեպքերի զարգացմանը, Երևանի փողոցներում և բակերում առավել քան տարածված է:    


4. Ազգային պատկանելություն
Թերևս սա Հայաստանում մինչև վերջերս ոչ այնքան տարածված բռնություն գործադրելու պատճառներից մեկն էր: Այս դեպքում դասընկերների հակակրանքին են արժանանում նրանք, ովքեր մյուսներից տարբերվում են իրենց ազգային պատկանելությամբ և մաշկի գույնով: Հայաստանում, բարեբախտաբար, այս խնդիրը դեռևս այդքան էլ արդիական չէ: Չնայած քիչ չեն դեպքերը, երբ բռնության են ենթարկվում մեր մի քանի բուհերում սովորող մի քանի ազգերի ներկայացուցիչներ:  


5. Սոցիալական խնդիրներ
Հաջորդ «ճնշման խումբը» սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են: Նրանք առավել հաճախ են մեկուսանում, ունեն որոշ հոգեբանաակն խնդիրներ: Նրանց օգնելու և ոգևորելու փոխարեն շատերը որդեգրում են նրանց անընդհատ նվաստացնելու քաղաքականություն: Նրանց համար կարևոր են ոչ տվյալ անձի մարդկային հատկանիշները, այլ բջջային հեռախոսի մակնիշը, հագուստի պիտակը և դրամապանակի պարունակությունը: Մեր օրերում վերջիններիս առկայությունը դպրոցական երեխաների մոտ շատ ավելի պատվաբեր է, քան ասենք, լավ սովորելը:

6. Առաջադիմություն
Եթե ժամանակին լավ սովորելը առավելություն էր, ապա այժմ ամենամեծ թերություններից մեկն է: Լավ սովորողների, կամ, դպրոցական բառապաշարով ասած, գերազանցիկների հետ շփվելը անհետաքրքիր է: Նրանք ստեղծված են միայն արտագրել տալու համար, իսկ գրավորների միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նրանց ճնշել: Իսկապես երեխաները շատ հաճախ մեծերից ավելի դաժան են իրար նկատմամբ:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ մեղավորները
Հոգեբանները պնդում են, որ աշակերտի հանդեպ վերաբերմունքը մեծամասամբ ձևավորում է ուսուցիչը: Բոլորդ էլ լսած կլինեք շատ ուսուցիչների ոչ մանկավարժական մեթոդների մասին: Մասնագետները գտնում են, որ պատճառը այն միջավայրն է, որում մեծացել են այդ ուսուցիչները: Անառողջ և դժբախտ մանկություն ունենալու պարագայում նրանք չարանում են և իրենց չարությունն օգտագործում են անմեղ երեխաների դեմ: Ժամանակին մեր երկրի դպրոցներից շատերում տարածված էր ուսուցման «Տեր Թոդիկի» մեթոդը, որը կիրառում էին բազմաթիվ ուսուցիչներ: Եվ չնայած մեր օրերում նման մեթոդներն արգելվում են, կան որոշ խելագարներ, ովքեր շարունակում են առաջնորդվել նմանատիպ մեթոդներով` վստահ լինելով, որ միայն այդպես է հնարավոր կրթել ու դաստիարակել երեխաներին: Ցավոք, սա ամենավատը չէ, ինչ կարող է պատահել դպրոցի փակ դռների հետևում

Բայց մեղավոր են ոչ միայն ուսուցիչները: Դաժանության հարցում երեխաները մեծահասակներին ոչնչով չեն զիջում: Թույլին նվաստացնելն իրենց հեղինակություն է բերում, հակառակ սեռի նկատմամբ լկտի վարքը` պատիվ: Այսպիսին է դաստիարակությունը շատ ընտանիքներում: 


ՈՂԲԵՐԳԱԿԱՆ փաստեր

-           Ինքնասպանություն կատարած երիտասարդների 18 տոկոսը բռնության են ենթարկվել դպրոցներում:
-           Բռնության ենթարկվելով, երիտասարդներն իրենք նույնպես դառնում են դաժան: Դրա վառ ապացույցն են 1999 թվականի ԱՄՆ-ի Քոլումբայն դպրոցի դեպքերը: Երկու երիտասարդ, զինված ավտոմատներով, մտան դպրոց և սպանեցին իրենց 11 դասընկերներին, որից հետո ինքնասպան եղան:
-           ԱՄՆ-ում «դպրոց» և «բռնություն» բառերը գրեթե հոմանիշներ են: Պատճառը աշակերտների շրջանում էթնիակական շերտավորումներն են: Իրար հետ են սովորում մեքսիկացիներն ու լատինոամերիկացիները, այսպես կոչված «սպիտակներն» ու «սևերը»:
-           Բռնությունների մեծ չափաքանակ կա նաև Մեծ Բրիտանիայում: Այնտեղ կան բամաթիվ փակ քոլեջներ, որոնք նախատեսված են միայն տղաների համար, որտեղ սեռական ոտնձգությունները սովորական երևույթ են:
-           Ռուսաստանում ուսուցիչներից մեկը ստիպել է երեխաներին բերանով մաքրել իրենց իսկ կողմից աղտոտած գետինը, որից հետո աշակերտներից մեկին ստիպել է բոլորի առաջ իջեցնել տաբատը:
-           Հաճախ սադիստներն իրենց զոհերի լուսանկարները տեղադրում են պոռնո կայքերում և տվյալ անձին վարկաբեկող մեկնաբանություններ թողնում:     

26 comments:

  1. Ես դասավանդում եմ քոլեջում ու այդ «Արմենիա Նաու» տեղեկատվական կայքի հրապարակումների մեծ մասը համոզված եմ, որ մտացածին էր:
    Գիտե՞ք, կան աշակերտներ, որոնք չեն սովորում և երբ նրանց դրա համար պատժում ես ցածր գնահատականով, կամ քոլեջների և ինստիտուտների պարագայում լիկվիդով, նրանք ընդունակ են ամեն կեղծիքի միայն թե վրեժ լուծեն ուսուցչից: Ես չեմ ասում, որ վատ, անպատասխանատու կամ անբարոյական ուսուցիչներ չկան, ամենևին: Ուղակի նրանց քանակը շատ չի և այսքան հաճախակի նպանատիպ շշուկների հայտնվելը խոսում է հենց իմ ասածի ճշմարտացիության մասին: Մենք էլ ենք դպրոցում սովորել, բայց յդ ինչպե՞ս եղավ, որ ոչ մի անգամ այդպիսի բան չենք հանդիպել, թե՞ մեր վախտով անբարոյականություն չկար

    ReplyDelete
  2. Շնորհակալություն մեկնաբանության համար: Չեմ կարծում որ կայքի տված տեղեկատվությունը մտացածին է, քանի որ ինքս բազմիցս նման դեպքերի ականատեսն եմ եղել և վերջապես ինքս էլ սովորել եմ դպրոցում: Երբ երեխաներին հարցնում ես, թե արդյոք երբև է նրանք բռնության ենթարկվել են դպրոցում ուսուցչի կողմից, նրանք ի սկզբանե պատասխանում են ոչ: Բայց երբ բացատրում ես նրանց, որ քանոնով ձեռքին խփելը, մազից քաշելը, վիրավորանքը, ապտակը նույնպես բռնության դրսևորումներն են, պարզվում է, որ նրանց մեծ մասը բռնության է ենթարկվել: Չկա այդ երևույթի մասին տեղեկատվություն: Երեխաները չգիտեն, ինչ է բռնություն և ինչը`ոչ: Իսկ որ այն առկա է կրթական համակարգում և հատկապես դպրոցներում, ակհայտ է:

    ReplyDelete
  3. Գրիգոր, դուք հարյուր տարվա հնության նյութից հանել եք մի քանի մեջբերումներ, որոնք իսկությունը խիստ կասկածի տակ է ու ուզում եք համոզել, որ նման բաներ կան? Իհարկե, բռնություն կա, բայց ոչ նման աստիճան: Ուստի լավ կլինի, ավելի իրատեսական թեմաների անդրադառնաք, կամ էլ այնպիսի օրինակների մասին խոսեք, որոնք թարմ են եւ կոնկրետ հայտնվել են Ձեր ձեռքի տակ ձեր իսկ դիտարկումների արդյունքում:

    ReplyDelete
  4. Հարգելի ընթերցող, ես հանել եմ այնպիսի օրինակներ, որոնք միշտ արդիական են բոլոր երկրներում և մեզ մոտ նույնպես: Դրանք դասական օրինակներ են, որոնք առկա են շատ դպրոցներում: Որ դպրոցում, ուսուցիչը քանոնով երբեք չի հարվածել երեխային կամ չի վիրավորել? Որ դպրոցում ուսուցիչը ականջ չի քաշել կամ հոգեբանական ճնշում չի գործադրել երեխայի վրա:
    Շատ ուրախ եմ, որ դուք լավատես եք և ցանկանում եք առավել իրատեսական թեմաների անդրադառնանք: Ես այս թեման շատ իրատեսական եմ համարում: Եթե չենք ցանկանում, որ ինքնասպանությունների և հոգեկան խանգարումների թիվն աճի պետք է կանխենք նմանատիպ երևույթները: Եթե մի բանի մասին չի խոսվում, չի նշանակում, որ այդ երևույթը չկա:

    ReplyDelete
  5. Գրիգոր ջան, արի միակողմանի չմոտենանք այս հարցին: Իմ մայրիկը ուսուցչուհի է դպրոցում: Եվ ամեն անգամ, երբ նա պատմում է մեր որոշ դպրոցականների հղփացած վարքի մասին, իմ մազերը բիզ-բիզ են կանգնում: Գիտես, ուսուցիչ լինելը շատ դժվար բան է: Մանավանդ հայկական դպրոցներում, երբ ուսուցիչն` իր արած ծանր աշխատանքի դիմաց վարձատրվում է գրոշներով եւ ստիպված է օրվա մնացած մասը անցկացնել` անհատական պարապմունքներ անեով, որպեսզի պահի իր ընտանիքը: Գիտես ինչքան ներվ է քայքայում այդ ուսուցիչը? Գիտես ինչի է բարձրանում նրա ձայնը? Ոչ թե նա ուզում է բղավել աշակերտի վրա, այլ 40 ոգանոց դասարանում, որպեսզի լռություն պահպանվի եւ խստություն լինի, դրա համար: Իսկ գիտես, որ իմ դպրոցում աշակերտներից մեկը աթոռով տվել էր ուսուցչի գլխին եւ բացել էր գլուխը, վառել էր մատյանը եւ մնացել անպատիժ, որովհետեւ... էլ չասեմ, որովհետեվ ով էր նրա հայրը... Գիտես ինչ? Ինձ թվում է` պետք է Հայաստանի դպրոցների ուսուցիչների եւ բուհերի դասախոսների համար լինեն հատուկ հոգեբանական անվճար դասընթացներ: Իրականում ես երբեք ուսուցիչ չեմ կարող դառնալ, որովհետեւ չունեմ այդքան համբերություն ու շնորհք, որպեսզի կրթեմ այս անդաստիարակ սերունդին:Ճ

    ReplyDelete
  6. Հարգելի' Գրիգոր, ես միանում եմ Ձեր մտահոգությանը: Դպրոցական տարիքում մեծագույն ցավով եմ ականատես եղել իմ համադասարանցիների նկատմամբ կիրառվող բռնություններին, ինքս ենթարկվել եմ բռնությունների... Սարսափելի է, թե որքան կարող է աղճատել ու կոտրել մարդուն նույնիսկ լավ համարում ու հեղինակություն ունեցող ուսուցիչը...
    Ինձ համար զազրելի է այն մանկավարժների դիրքորոշումը, ովքեր դասարանում համագործակցում են լիդեր աշակերտների հետ և իրենց գործունեությամբ նպաստում թույլ և մեկուսացած երեխաների հալածմանը... Հիշում եմ, որ իմ կոլեգաներից մեկը պատմում էր, որ չի միջամտել երեխաների ծեծկռտուքին, քանի որ ծեծվողը չի փորձել փոխադարձել հարվածները: <>, - ասաց իմ հարգարժան ու աշակերտների կողմից շատ սիրված կոլեգան` մոռանալով, որ ի'ր պարտքն է արժանապատվության զգացում ունեցող մարդ ձևավորելը...
    Իբրև ուսուցիչ` ես պայքարել եմ երեխայի նմատմամբ որևէ` անգամ ամենաաննշան բռնության դեմ: Երբեք ձայնս չեմ բարձրացրել, չեմ պատժել ցածր գնահատականներով, չեմ վիրավորել ու ձեռք չեմ բարձրացրել, եղել եմ իմ աշակերտների կողքին, հատկապես նրանց, ովքեր թույլ են եղել...և...
    Ես ուզում եմ խոսել մեկ այլ բռնության մասին, որն արդեն կիրառվում է հակառակ ուղղությամբ` աշակերտների կողմից ուսուցչի նկատմամբ... Հավատացնում եմ Ձեզ, որ երեխաները չեն զիջում իրենց դաժանությամբ և մեթոդներով ուսուցիչներին նվաստացնելու հարցում: Օրինակ, իմ աշակերտները ուզում էին հասկանալ, թե ինչը կարող է ինձ հունից հանել, ինչը կարող է ստիպել, որ ես գոռամ կամ խփեմ, և նպատակասլաց աշխատում էին այդ ուղղությամբ, դրդում էին դրան: Երբ չէին հասնում իրենց նպատակին, արդեն ուղղակի ասում էին` մի հատ խփեք, բա խի չեք խփում որ... Սարսափելի է նայել 15 տարեկան տղայի աչքերին, որի հայացքում կարդում ես` ես ուզում եմ, որ դու նյարդայնանաս, որ դու կորցնես քեզ: Ես շատ եմ առիթ ունեցել լսելու, թե ինչ ներքին բավարարվածությամբ են երեխաները պատմում, թե ոնց են հունից հանել այս կամ այն ուսուցչին, քննարկում են մանրամասները, ու այդ ժամանակ ուսուցչի վիրավորանքներն ու ապտակներն իրենց համար ուրախ-ուրախ պատմելու նյութ են դառնում. չէ որ դա իրենց աշխատանքի պտուղն է... Երբ տեսնում են, որ ուսուցիչը կորցնում է իրեն, դրանով իրենք ինքնահաստատվում են: Ես շատ-շատ եմ զրուցել երեխաների հետ ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի ու պատկերացումների մասին... Ցավալի պատկերացումներ ունեն: Կարծում եմ, որ սա որոշ ժամանակ անց կդառնա ամենաքննարկվող թեման, քանի որ ուսուցիչն ու աշակերտը դադարել են համագործակցելուց և մտել են հակամարտության դաշտ...

    ReplyDelete
  7. Ես մի առաջարկ ունեմ: Հարգելի Գրիգոր առաջարկում եմ ուղիղ մեկ շաբաթ իմ տեղը քոլեջում դաս տաք 42 հոգանոց կուրսին, որոնց ես շատ եմ սիրում: Ու այն ժամանակ կտեսնենք արդյո՞ք Դուք Ձեր ասած այդ "հոգեբանական ճնշումը" որը ընդամենը բարկանալ է չեք կիրառի:
    Կներեք իհարկե, բայց պետք չէ խոսել մի բանի մասին ինչի մասին գաղափար անգամ չունեք և չեք էլ պատկերացնում թե դա ինչ է:
    Իսկ թոկը թողած աշակերտների վրա այո պետք է բղավել, այո պետք է դասարանից հեռացնել, նրանք նորմալ խոսքը չեն հասկանում: Այո համաձայն եմ հարվածել ականջ քաշել դա չափից դուրս է, բայց այդ եվրոպաներից ներմուծված սուտ "հոգեբանական ճնշում" տերմինը չարժի օգտագործել անտեղի: Միգուցե վաղն էլ հոդված գրեք, որ երեխաները պետք է իրենց իրավունքները լավ իմանան, որպեսզի երբ հայրիկը կամ մայրիկը ականջը քաշի դատի տա՞

    ReplyDelete
  8. Հարգելիներս, Գրիգորը բերել է ընդամենը մի քանի օրինակ, որոնք բոլորովին էլ ժամանակավրեպ չեն: Եթե համակարգում և երկրում կա թեկուզ մեկ բռնության դեպք, ուրեմն մենք ունենք խնդիր, իսկ որ երկրում ունենք խայտառակ վիճակ երեխայի պաշտպանության առումով, դա փաստ է:
    Գրիգոր ջան, ես ավելի քան համաձայն եմ Ձեզ հետ, միայն կավելացնեմ, որ միայն չդիտարկենք դպրոցը, ամեն ինչ սկսում է ընտանիքից: Ընտանեկան բռնությունների զոհ են դառնում տասնյակ հազարավոր երեխաներ և եթե ծնողն ինքը բռնության չի ենթարկում իր երեխային, ապա որևէ ուսուցչի թույլ չի տա իր երեխայի հետ վատ վարվել, իսկ մեր ծնողների լռությունն ու հանդուրժողականությունը խոսում է նրա մասին, որ պատիժն ու ծեծը իրենց համար ընդունելի են, այլապես արդեն տասնյակ ուսուցիչներ դասասենյակը կտեսնեին երազում միայն, այն էլ` ճաղերի ետևից....

    ReplyDelete
  9. Ցավում եմ, որ քոլեջներում դաս են տալիս թույլ հոգեկան հավասարակշռություն ունեցող մարդիկ: Հարգելի ուսուցիչներ, եթե ուսուցիչն ունենում է համապատասխան գիտելիքներ ու հմտություններ դասը հետաքրքիր ու լսելի դարձնելու, ապա ոչ միայն 42, այլ 142 հոգու կարելի է լսարանում պահել առանց հիստերիայի: Եթե ձեզ թվում է, որ բղավելով Դուք կդառնաք ավելի հարգելի կամ առարկան` ավելի սիրելի, շատ եք սխալվում: Բնական է, որ դուք էլ ժամանակին ենթարկվել եք բռնության և 80տոկոս դեպքերում բռբության զոհը դառնում է բռնացող, ցավալի է, բայց` փաստ... Խորհուրդ կտայի ընթերցեիք երեխաների զարգացման տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաև դասավանդման ու դաստիարակության դրական մեթոդները, որի շնորհիվ առաջավոր երկրներին հաջողվել է ունենալ զարգացած հասարակություն:

    ReplyDelete
  10. Anonymous կխնդրեի անպատասխանատու դատողություններ և հայտարարություններ չանել: Ես իմ ուսանողների վրա այսքան վախտ ձայն բարձրացրած չկամ, ես ունեմ իմ մոտեցումները: Եվ առանց մարդուն ճանաչելու դատել նրա գիտելիքների մասին առնվազն համարում են անպատասխանատվություն:
    Բայց ոչ բոլորն են ունակ ղեկավարել 42 հոգի հասունացման տարիքում գտնվող ակտիվ երիտասարդների և համոզված եմ, որ այդ թվում նաև Դուք և ես նույնիսկ համոզված եմ, որ Դուք մանկավարժություն ասվածից ընդհանրապես գաղափար չունեք

    ReplyDelete
  11. Հարգելի այցելուներ: Շնորհակալություն հետաքրքիր տեսակնետների համար: Հիմա փորձեմ մեկնաբանել ձեր գրառումները:
    Հարգելի jennybird1 իսկապես Հայաստանում շատ դժվար է ուսուցիչ կամ դասախոս լինել: Դա պահանջում է երկաթյա նյարդեր, իսկ աշխատավարձը շատ փոքր է: Ամեն դեպքում դա ոչ մի ուսուցչի իրավունք չի տալիս ձեռք բարձրացնել աշակերտի վրա, եթե նա անգամ անպարկեշտ է: Դրա համար կան մանկավարժական մեթոդներ: Համաձայն եմ ձեզ հետ, որ այսօր երեխաները շատ հղփացած են, անդաստիարակ: Նույնն էր նաև մեր ժամանակ: Հիմա գուցե ավելի վատ է: Ես փորձել եմ հնարավորինս միակողմանի չլինեն ու գրել եմ, որ հաճախ երեխաների կողմից մյուսներին բռնության ենթարկելը ավելի տարածված է: Նրանք շատ ավելի դաժան հաշվեհարդար կարող են միմյանց հետ տեսնել, քան մեծերը: Հասարակության այդ երկու խմբերն էլ օգնության կարիք ունեն:
    Հարգելի Anonymous, շնորհակալություն ձեր անձնական փորձը մեզ հետ կիսելու համար: Շատ ուրախ եմ, որ դուք ձեր աշխատանքով օգնում եք երիտասարդներևին ու նրանց ցույց եք տալիս ճիշտ ուղղությունը: Հունից դուրս գալը շատ ավելի հեշտ է, քան հավասարակշռված մնալը:
    Փորձեմ անդրադառնալ Arxangelo-ի մեկնաբանություններին: Գուցե որպես մանկավարժ դուք ունեք ձեր մեթոդները, սակայն ինձ համար դրանք անընդունելի են: Հետաքրքիր է դուք որտեղից գիտեք այս ոլորտից իմ իրազեկվածության մասին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոչ թե ես, այլ դուք ոլորտից պատկերացում չունեք: Գոյություն ունեն հետազոտություններ կատարվածխ Երևանում և մարզերում, կան ուսումնասիրություններ, թվեր ու վիճակագրություն: Առաջւարկում եմ ծանոթանալ դրանց: Չգիտեի, որ հոգեբանական ճնշումը եվրոպապակն տերմին է, հատկապես, որ հայերս դրա վարպետն ենք:
    Հարգելի օգտատերեր, համաձայն եմ, որ դպրոցը դիտարկել բավարարա չէ: Կարծում եմ հաջորդ հրապարակումներում կանդրադառնամ ընտանեկան բռնություններին, որոնք հավանաբար գիտեք, թե վերջերս ինչքան են շատացել: Իրոք ցավալի: Հայկական ընտանիքը միշտ մեր ամենահիմնական արժեքներից մեկն է համարվել և ցավալի է, որ շատ ընտանիքներ ընդհանրապես չունեն արժեքներ:

    Որպեսզի իմ գրառումը չլինի մերկապարանող, ես առաջարկում եմ ձեզ խանթանալ նաև մեկ այլ բլոգի հետ http://dprocakan.wordpress.com/author/dprocakan/

    Բլոգը վարում եմ մի խումբ աշակերտներ, ովքեր գրում են իրենց դպրոցներում տեղի ունեցող բռնությունների, սեռական ոտնձգությունների և այլ դեպքերի մասին: Գուցե այս լույսի ներքո իմ գրառումը այլևս չհամարեք անտեղի և ոքչ արդիական:

    ReplyDelete
  12. Հարգելի Գրիգոր ես այդ ոլորտում եմ գտնվում, ինչպե՞ս կարող է ոլորտից պատկերացում չունենալ, իսկ այ Դուք կապ ունե՞ք դպրոցների կամ ընդհանրապես մանկավարժության հետ: Երկրորդ Դուք ինչ իմացաք իմ մեթոդները, որ մի հատ էլ Ձեր համար անընդունելի են: Ես իմ մեթոդների մասին ընդհանրապես այստեղ ոչինչ չեմ գրել: Չգիտես ինչու մեկնաբանություններիցս մարդիկ սկսեցին թյուր կարծիք կազմել, իբր ես իմ մեթոդներից եմ խոսում, ամենևին:Իսկ ինչ վերբերում է թվերին՝ թվեր, որոնք տրամադրում են տարբեր տեսակի ՀԿ-ներ, որոնց մեծ մասի հետազոտությունները և հետևաբար բերված թվերը մեղմ ասած կասկածելի են, քանի որ բոլորս էլ գիտենք թե ՀԿ-ները ինչ գրանտեր են ստանում և ինչ "ստիպված" հետազոտություններ անում:
    Մի խոսքով, ես չեմ ուզում վիճել ու հետագա քննարկումս համարում եմ անիմաստ, որովհետև կա մի պարզ ճշմարտություն, եթե մարդ չի ուզում ճիշտ ընկալել ու հասկանալ դիմացինին, ապա դիմացինը ուղակի ոչինչ չի կարող անել, նույնիսկ անհերքելի ապացույցներ ձեռքում:
    Հաջողություն եմ մաղթում Ձեզ Ձեր հետազոտություններում և իրավունքի համար պայքարում ;)

    ReplyDelete
  13. Եկեք գաղափարներից իջնենց դեպի իրականություն:

    Բազմաթիվ են նաև երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների դեպքերը:

    Կարո՞ղ եք կոնկերտ ասել, թե 2010 թվականի ընթացքում, կամ էլ 2011-ի առաջին կեսում, քանի նման դեպք է արձանագրվել:

    Ես ստատիստ մարդ եմ, ուստի ցանկալի է, որ «բազմաթիվ»-ը բացվի:

    Մեկ էլ կխնդրեի, որ Ձեր նշած հետազոտությունների հղումները տրամադրեիք:

    Եթե խոսքն ինչ-որ դրամաշնորհի շրջանակներում կատարված հետազոտության մասին է, ապա ցանկալի կլիներ իմանալ նաեւ, թե ով է պատվիրատուն: Որովհետեւ մեր երկրում ի սկզբանե բոլոր հետազոտություններն անորակ են ու միակողմանի շեղված արդյունքներով:

    Ասեմ նաեւ, թե ինչու: 1-ին փուլով հետազոտություն ենք անում, որպեսզի ասենք, որ խնդիրը կա ու այն շատ մեծ խնդիր է, իսկ երկրորդ փուլով փող ենք ստանում, որպեսզի լուծենք այդ խնդիրները:

    Հ.Գ. Եթե իրավունքներից է խոսքը գնում, ապա պետք է հաշվի առնել երկու կողմերի իրավունքները, եւ ոչ միայն մատնացույց անել աշակերտների եւ ուսանողների իրավունքները: Այլապես ամեն ինչ կվերածվի ֆարսի: Հավասարակշիռ մոտեցում է պետք... ընդամենը: Ու համատեքստում է պետք ամեն ինչ գնահատել: Այսօրվա օրով ուսուցիչների գործը գրեթե խիզախություն է, ու չարժի նրանց հուսաթափ անել:

    Ես 100%-ով կողմ եմ երեխաների իրավունքներին, բայց եւ այնպես 100%-ով էլ կողմ եմ ուսուցիչների իրավունքներին:

    ReplyDelete
  14. Հարգելի Arxangelօ, ես ձեզ անձամբ չեմ ճանաչում, դրա համար ինձ իրավոնք չեմ վերապահել որոշելու թե դուք ինչքանով եք տեղյակ հիմնախնդրից...ուղղակի ենթադրություններ եմ անում և օգտագործել եմ գուցե - հավանաբար բառերը: Ինչևէ, հարգում եմ ձեր տեսակետը և հույս ունեմ, որ դուք էլ ձեր աշխատանքում փորձում եք խուսափել ուսանողների նկատմամբ ճնշումներից և կանխում եք ցանկացած բռնության հավանականություն:

    Ինչ վերաբերում է Արթուրի մեկնաբանությանը: Հավանաբար կհիշեք մեծ աղմուկ հանած դեպքը Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում, որի քննությունը բավականին երկար տևեց: Կհիշեք նաև, որ ուսուցիչ Լևոն Ավագյանիը մեղադրվում էր անառակաբարո գործողություններ կատարելու համար, որի առթիվ հարուցվեց քրեական գործ:
    Շատ այլ դեպքերի մասին կա մամուլում` կապված մանկատների հետ:
    2005թ-ին «Հայ օգնության միությունը» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ ներկայացրեց «Երեխաները Հայաստանի մանկատներում և հատուկ դպրոցներում. Թրաֆիկինգի և շահագործման հավանական զոհեր» ուսումնասիրությունը, որին փորձագիտական աջակցություն էր ցուցաբերել նաև ԵԱՀԿ Երևանի գրասենյակը: Որպես առաջարկություն ուսումնասիրության հեղինակներն առաջարկել էին երեխաների խնամք իրականացնող հաստատությունների վերահսկման մեխանիզմի կիրառում, քանի որ ակնհայտ է` երեխայի շահագործման կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված ջանքերը Հայաստանում խիստ անհրաժեշտ են ու կարևոր միջոցառում կարող են լինել թրաֆիկինգի առաջնային պատճառները վերացնելու գործում: Ըստ այդմ էլ առաջարկ էր հնչել իրականացնել նմանատիպ հաստատությունների պարտադիր պարբերական վերահսկում:
    Սակայն առաջարկին պատասխանեցին, որ սեռական հարցերի շուրջ խոսելն այնքան նուրբ թեմա է, որ հնարավոր է նույնիսկ խեղել երեխայի հոգեբանությունը:
    Հավանաբար լսած կլինեք նաև Աշտարակում դեպքի մասին, երբ 55 տարեկան տղամարդը սեռական ոտնձգություններ է թույլ տվել 4-ամյա երեխայի նկատմամբ:
    Ինչ վերաբերում է անցկացված հետազոտություններին: 2011թ. ապրիլ ամսվա ընթացքում Արմավիրի մարզի 2 քաղաքային և 2 գյուղական համայնքների դպրոցներում անցկացվել են սոց. հարցումներ` նվիրված դպրոցներում աշակերտների իրավունքների պաշտպանությանն ու նրանց նկատմամբ դիրսևորվող բռնության երևույթների բացահայտմանը:
    Աշակերտների հետ անցկացված հարցման արդյունքում պարզվեց նաև, թե ինչ է բռնությունը դպրոցում: Նրանց ընկալմամբ դրանք բաշխվել են հետևյալ կերպ.
    Ծեծ-այս տարբերակն է նշել հարցվողների 89%-ը
    Ապտակ-74%
    Վիրավորանք-41%
    Ամոթանք տալ-29%
    Դասարանից դուրս հրավիրել-16%
    Անկյուն կանգնեցնել-14%
    Անբավարար գնահատականը-11%
    Ծնող կանչել-7%

    ReplyDelete
  15. http://www.youtube.com/watch?v=Ts94LIuwTac&feature=player_embedded

    ReplyDelete
  16. Հարգելի Գրիգոր Արխանգելո ճիշտ է մեր դասարանում էլ կան երեխաներ, որ ուսուցչին հասցնում են այն աստիճանի, որ ստիպված բղավում է կամ դասարանից վռնդում, իսկ վռնդելու դեպքում էլ շատ աշակերտներ չեն հեռանում դասարանից:

    ReplyDelete
  17. Բարև ձեզ!
    Բոլորը խոսում են այն մասին, թե ինչքան անդաստիարակ են ու հղփացած հիմիկվա երեխաները.. Բայց միթե դա խնդիր չէ? Եթե մայրը առավոտից մինչ երեկո միայն զբաղվում է "բազմաբովանդակ" սերիալ դիտելով ու քննարկելով հերոսների կյանքը, իսկ երեխան այդ ընթացքում փողոցում է ու ստանում է իր դաստիարակությունը այնտեղ,կամ ամբողջ օրը համակրգչի դիմաց խաղում է խաղեր, որտեղ կա բռնություն և սպանություն, ինչպես նա կարող է իմանալ, թե ինչպես պետք է իրեն դրսևորի դպրոցում, ինչպես են խոսում մեծահասկաների հետ և այլն :
    Իսկ եթե ասում եք, որ Հայաստանում չկան բռնության դեպքեր, ապա ինչպես կմեկնաբանեք հետևյալը, երբ դասախոսը բանավոր քննության ժամանակ բոլոր աղջիկներին ասում է , որ 5 կստանան միայն այն դեպքում, եթե տրվեն իրեն: Կամ ինքս սովորել եմ մի դպրոցում, որտեղ կար մի ուսուցիչ, ով շատ անհավասարակշռված էր ու չէր կարողանում դասը բացատրել, շատ արագ բարկանում էր ու մի անգամ բանալիների կապոցը շպրտեց տղաներից մեկի վրա, իսկ դա ինձ կպավ: Նորմալ է դա? Կամ ունեինք մեկ այլ ուսուցիչ, ով չէր սիրում ինձ ու միշտ ծաղրում էր բոլորի ներկայությամբ, իսկ ես միշտ լուռ եմ եղել, երբեք չեմ հակառակվել, գլուխս կախ արտասվել եմ ու որբեք չեմ դրդել , ուղակի անձնական հակակրանք ուներ: Դա հոգեբանաակն ճնշում չէ? Կարող եմ նմանատիպ բազում դեպքեր պատմել, որոնց ականատեսն եմ եղել:
    Ու ոչ միայն ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում: Պետք չէ նաև անտեսել այն փաստը, որ բոլոր տեղերում էլ անապահով ընտանիքների երեխաներին ճնշում են , նեղացնում իրենց դասընկերները: Միթե գոնե այդպիսի բաները ուսուցիչները կանխել չեն կարող : Դասի ժամանակ մի աղջկա, ով ուներ ալկոլից կախում ունեցող հայր, ով միայն ծեծում էր իր երեխաներին, տղաները այնքան ծաղրեցին, ստորացրեցին այդ աղջկան, որ նա լացակումաց դուրս վազեց դասասենյակից, իսկ ուսուցչուհին չասաց ոչինչ, բացարձակ ոչինչ, շարունակեց դասի հաշվին պատմել իր կյանքը.. Դա նորմալ է???????
    Իմ կարծիքով այս խնդիրը շատ արդիական է , և քանի որ երեխայի երկրորդ տունը դառնում է իր դպրոցը, ուսուցիչ պետք է դառնան այն մարդիկ, ովքեր ունեն շատ լավ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ գիտելիքներ, քանզի նրանք էլ որոշ չափով ունենում են իրենց ազդեցությունը երեխայի ապագայի վրա:

    ReplyDelete
  18. Լիովին համաձայն եմ հոդվածագրի բոլոր մտքերի հետ: Խնդիրն իրոք շատ արդիական է: Շնորհակալույուն այս հոդվածի համար"

    ReplyDelete
  19. Հղումների եւ տեղեկատվության համար շնորհակալ եմ: Բայց եւ այնպես չպատասխանեցիք, թե "բազմաթիվը"՝ այդ ի՞նչ թիվ է: Ոչ ոք չի ժխտում, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքեր լինում են ամենուրեք, թեեւ Ձեր բերած օրինակների մի մասը կրթօջախների հետ որեւէ կապ չունեին (Աշտարակի դեպքը, թրաֆիկինգի դեպքերը...): Իսկ հետազոտությունն էլ վերաբերվում է մարզային դպրոցականների սեփական ընկալմանը եւ ոչ թե դեպքերի հաճախականությանը:

    Հիմա ավելի կոնկրետ:

    2010-ին դպրոցներում քանի՞ դեպք է եղել - 10, 100 թե 1000: Քանի՞ երեխա են տուժել:

    Հռետորության իմաստով "բազմաթիվը" վատ բառ չէ, բայց եկեք նաեւ մեր երկիրը չդարձենենք երեխաներին ծեծող, տանջող ու սեռ. ոտնձգությունների զոհ դարձնող ուսուցիչների երկիր:

    Այն, որ խնդիրը կա, ոչ ոք չի էլ ժխտում: Սակայն, երբ մի խնդրի մասին ենք խոսում, եկեք այդ խնդիրն ամեն օր իրենց մաշկի վրա զգացող ուսուցիչներին չդարձնենք քավության նոխազ: Եթե ցանկանում ենք բռնությունը վերացնել, ապա պետք է շուռ գալ դեպի ընտանիքներ, եւ ոչ թե ֆիքսվել դպրոցների վրա:

    Ու եթե ցանկանում ենք, որ ուսուցիչները հիշեն ու պահպանեն երեխաների իրավունքները, ապա ոչ թե պետք է նրանց դատապարտել, այլ՝ տեղեկացնել, եթե պետք է՝ նաեւ կրթել, հանդիպել-զրուցել, քննարկել, լուսաբանել: Քննադատելով հարց չես լուծի, եթե նպատակդ ոչ թե քննադատելն է, այլ հարցը լուծելը:

    Շնորհակալություն

    ReplyDelete
  20. Ուղղում - Քննադատելով հարց չես լուծի, առավել եւս, եթե նպատակդ ոչ թե հարցը լուծելն է, այլ՝ քննադատելը:

    Իսկ դուք ի՞նչ լուծում եք առաջարկում:

    ReplyDelete
  21. Ես դիմում եմ Nicole-ին ընդամենը մի բան կասեմ, եթե գիտեք, որ այդ դասախոսը այդպիսին է, եթե իհարկե իրոք այդպիսին է, ինչու՞ դատի չեք տալիս

    ReplyDelete
  22. Այդ նույն հարցը ես կտամ այն աղջկան, ով ինձ պատմել է այդ դեպքի մասին.. Այ հենց այդ պատճառով էլ կան նման դեպքեր... Շատ հաճախ վախենում են աղջիկները.. Դժվար է նման բանի մասին բարձրաձայնելը

    ReplyDelete
  23. Hargeli Grigor shat urax em nman bovandakutyan hodvatsi hamar vor bardzracrel eq ardiakan xndir, mi guce shatery kasen vor chapazancvat e, bayc es inq akanates em eghel u im vra el zgacel em, voch te fizikakan ayl hogebanakan brnutyun, aystegh xndiry shat xorn a, u miayn dprocic xhi galis sa tnic el e galis, tsnoghneri mets masy gtnum en vor dastiarakutyan normal ughin tsetsn e, erexanery darnum en agresiv u irenc tvum e, da normal e, kareli e xpel ev irenc xpen, inqnakazmakerpman xndir ka, petq e irenc xpen vor nor haskakanan,aranc usucchi nkatoghutyan chen karogh irenq irenc ughen. U im dprocic mi shat lav depq em hishum, dasarancinerics meki mayry mez das er talis catsr dasarannerum u amen asttsu or inqy tetsum er ir erexayin mer achqi araj, henc aynpes ed erexan voch mi ban cher anum, mez hamar normal er arden dardsel u voch voq cher hamardzakvum voreve ban aser u inqy minchev esor el das e talis chisht e myuneri dzerqerin paytov karogh er harvatsel viravorel bayc cher tsetsi, u nman dasatunery mer dprocum inchqan uzes, u edpisi dprocnery shat en.
    i verjo karogh em asel normal dasatu shat djvar e handipel, iranc yntanekan xndirnery berum en tun, mi hat araj derbin moda er da ein stanum tsaghik kam el sproc kofe u teman pakvum er karogh eir geracanzik darnayir u verj:)

    ReplyDelete
  24. Դե Nicole ջան կներես դա արդեն լուրջ չէ: Ես էլ կարող եմ իմ ընկերներին պատմել որ եղել եմ լուսնի վրա, բայց դա հիմք չէ իմ ընկերների համար, որպեսզի լուրջ քննարկումների ժամանակ որպես ապացույց բերվի

    ReplyDelete
  25. Խոսքը որևէ ընկերոջ մասին չէ, այլ քրոջս մասին է, ով լացակումած ինձ պատմեց այդ մասին!

    ReplyDelete
  26. Nicole ջան ես հասկանում եմ, որ ահավոր բան է դա, բայց եթե ամեն մեկը լացակումած թաքուն պատմի դա միայն քրոջը և ոչ մի քայլ չձեռնարկի համապատասխան դասախոսին իր տեղը ցույց տալու համար, ապա էլ ինչու՛ ենք բողոքում:
    Երբ տունը տարիներով չի մաքրվում և տան բնակիչներն էլ տեսնելով տան կեղտը, ոչինչ չեն ձեռնարկում, այդ տունը վաղ թե ուշ կվերածվի խոզանոցի:
    Բայց չի կարելի ասել, որ այդ երևույթը համատարած բնույթ է կրում: Ե 10 տարուց ավել աշխատում եմ ԵՊՀ-ում, բայց երբևիցե չեմ լսել այդպիսի դեպք

    ReplyDelete