Showing posts with label Տեր Թոդիկ. Show all posts
Showing posts with label Տեր Թոդիկ. Show all posts

Tuesday, August 16, 2011

ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ` Հայաստանի դպրոցներում


Մի քանի օրից կմեկնարկի նոր ուսումնական տարին` բերելով նոր հոգսեր և նոր խնդիրներ: Խնդիրների ցուցակում կան այնպիսինները, որոնք դարձել են դպրոցների անբաժան մասը: Խոսքը մեր երեխաների ու երիտասարդների շրջանում տարածված դաժանության ու բռնության մասին է, որի մասին խոսելն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում առավել քան արդիական է: Շատ երկրներում դպրոցի հինգ աշակերտներից մեկը ենթարկվում է բռնության հասակակիցների, բարձր դասարանիցիների կամ էլ ուուցիչների կողմից:

Առավել հաճախ ագրեսիայի ամենադաժան դեպքերը բռնկվում են դպրոցում, այնտեղ, ուր ձևավորվում է մարդու անհատականությունը:

ԲՌՆՈՒԹՅԱՆ հայկական մոդելը

Հայաստանի դպրոցներում երեխաների հանդեպ կիրառվող բռնությունների թիվը տարեցտարի աճում է: «Արմենիա Նաու» տեղեկատվական կայքի հրապարակումներից մեկում ներկայացված են աշակերտների նկարագրած բռնության դեպքերը.

- «Ռազմագիտության ուսուցիչը դասը պատասխանողին խփում է ցուցափայտով, քաշում տղաների ականջից և ստիպում այդ վիճակով 10 անգամ իջնել-բարձրանալ»,

- «Ուսուցիչը տղաներից մեկին գցել էր հատակին և ոտքերով խփում էր: Նույն ուսուցիչը դասասենյակում ծխում է, ծխախոտի մնացորդը գցում ծաղկամանների մեջ» (Լոռի),

- «Փայտե եզրագիծ ունեցող քարտեզով այնքան խփեց գլխիս, մինչև փայտը կոտրվեց»,

- «Գլխարկը չեմ հանում գլխիցս, որ ականջս չքաշեն», «Այնպես խփեց դեմքին, որ ատամները կոտրվեցին» (Շիրակ):


Բազմաթիվ են նաև երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների դեպքերը: Սյունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցիչը չափազանց սիրալիր էր աշակերտուհու հետ: Օրերից մի օր նա փորձում է տիրանալ աղջկան, սակայն վերջինիս հաջողվում է փախչել: Այս դեպքից հետո ուսուցիչը սկսում է կոպիտ վարվել նրա հետ, ինչի արդյուքնում աղջիկը ստիպված փոխում է դպրոցը:

Պարզենք, թե որո՞նք են երիտասարդների շրջանում բռնության հիմնական պատճառները դպրոցներում:

1. Ոչ ավանդական արտաքին
Շատ հաճախ իրենց հասակակիցների կողմից չեն ընդունվում այն երիտասարդները, ովքեր ունեն ոչ ավանդական արտաքին: Տարբերվող սանրվածքը կամ պարզապես միջավայրից առանձնանալու ցանկությունը կարող են լինել տվյալ մարդու դատավճիռը: Ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում, որտեղ նախապաշարմուքներն ու կարծրատիպերը չեն դադարել իշխել մարդկանց, պատկերը ճիշտ և ճիշտ այդպիսին է: Այս դեպքում մարդու իրավունքների, անձնական կյանքի ու սեփական ոճն ազատ ընտրելու իրավունքների մասին անիմաստ է խոսել, քանի որ այդ մասին քչերն են տեղյակ:

2. Տարբերվող հագուկապ
Բռնության ենթարկելու համար մեկ այլ պատճառ է երիտասարդ տղայի կամ աղջկա հագուկապը: Համեմատաբար ազատ, ոճային և պայծառ գույների մեջ հագնվողները որակվում են տարբեր պիտակներով: Եվ կրկին, ոչ ոք ինքն իրեն չի հարցնում, թե արդյոք իրավունք ունի պիտակավորելու դիմացինին: Գուցե ասեք, որ սա կապ չունի բռնության հետ, բայց հոգեբանական ճնշումը բռնության տեսակներից թերևս ամենավտանգավորն է:

3. Շահերի բախում
Շատ հաճախ կռիվը դպրոցում կարող է բռնկվել առանց լուրջ պատճառի, երբ պարզապես կողմերը ինչ-որ բան չեն կիսել կամ նրանց շահերն ու հետաքրքրությունները չեն համընկնում: Տվյալ դեպքում լավագույն լուծումը առավել թույլ կողմից վրեժ լուծելն է: Համաձայնեք, որ իրավիճակը, երբ հինգ հոգի ծեծում են մեկին, իսկ անցորդները հաճույքով հետևում են դեպքերի զարգացմանը, Երևանի փողոցներում և բակերում առավել քան տարածված է:    


4. Ազգային պատկանելություն
Թերևս սա Հայաստանում մինչև վերջերս ոչ այնքան տարածված բռնություն գործադրելու պատճառներից մեկն էր: Այս դեպքում դասընկերների հակակրանքին են արժանանում նրանք, ովքեր մյուսներից տարբերվում են իրենց ազգային պատկանելությամբ և մաշկի գույնով: Հայաստանում, բարեբախտաբար, այս խնդիրը դեռևս այդքան էլ արդիական չէ: Չնայած քիչ չեն դեպքերը, երբ բռնության են ենթարկվում մեր մի քանի բուհերում սովորող մի քանի ազգերի ներկայացուցիչներ:  


5. Սոցիալական խնդիրներ
Հաջորդ «ճնշման խումբը» սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են: Նրանք առավել հաճախ են մեկուսանում, ունեն որոշ հոգեբանաակն խնդիրներ: Նրանց օգնելու և ոգևորելու փոխարեն շատերը որդեգրում են նրանց անընդհատ նվաստացնելու քաղաքականություն: Նրանց համար կարևոր են ոչ տվյալ անձի մարդկային հատկանիշները, այլ բջջային հեռախոսի մակնիշը, հագուստի պիտակը և դրամապանակի պարունակությունը: Մեր օրերում վերջիններիս առկայությունը դպրոցական երեխաների մոտ շատ ավելի պատվաբեր է, քան ասենք, լավ սովորելը:

6. Առաջադիմություն
Եթե ժամանակին լավ սովորելը առավելություն էր, ապա այժմ ամենամեծ թերություններից մեկն է: Լավ սովորողների, կամ, դպրոցական բառապաշարով ասած, գերազանցիկների հետ շփվելը անհետաքրքիր է: Նրանք ստեղծված են միայն արտագրել տալու համար, իսկ գրավորների միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նրանց ճնշել: Իսկապես երեխաները շատ հաճախ մեծերից ավելի դաժան են իրար նկատմամբ:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ մեղավորները
Հոգեբանները պնդում են, որ աշակերտի հանդեպ վերաբերմունքը մեծամասամբ ձևավորում է ուսուցիչը: Բոլորդ էլ լսած կլինեք շատ ուսուցիչների ոչ մանկավարժական մեթոդների մասին: Մասնագետները գտնում են, որ պատճառը այն միջավայրն է, որում մեծացել են այդ ուսուցիչները: Անառողջ և դժբախտ մանկություն ունենալու պարագայում նրանք չարանում են և իրենց չարությունն օգտագործում են անմեղ երեխաների դեմ: Ժամանակին մեր երկրի դպրոցներից շատերում տարածված էր ուսուցման «Տեր Թոդիկի» մեթոդը, որը կիրառում էին բազմաթիվ ուսուցիչներ: Եվ չնայած մեր օրերում նման մեթոդներն արգելվում են, կան որոշ խելագարներ, ովքեր շարունակում են առաջնորդվել նմանատիպ մեթոդներով` վստահ լինելով, որ միայն այդպես է հնարավոր կրթել ու դաստիարակել երեխաներին: Ցավոք, սա ամենավատը չէ, ինչ կարող է պատահել դպրոցի փակ դռների հետևում

Բայց մեղավոր են ոչ միայն ուսուցիչները: Դաժանության հարցում երեխաները մեծահասակներին ոչնչով չեն զիջում: Թույլին նվաստացնելն իրենց հեղինակություն է բերում, հակառակ սեռի նկատմամբ լկտի վարքը` պատիվ: Այսպիսին է դաստիարակությունը շատ ընտանիքներում: 


ՈՂԲԵՐԳԱԿԱՆ փաստեր

-           Ինքնասպանություն կատարած երիտասարդների 18 տոկոսը բռնության են ենթարկվել դպրոցներում:
-           Բռնության ենթարկվելով, երիտասարդներն իրենք նույնպես դառնում են դաժան: Դրա վառ ապացույցն են 1999 թվականի ԱՄՆ-ի Քոլումբայն դպրոցի դեպքերը: Երկու երիտասարդ, զինված ավտոմատներով, մտան դպրոց և սպանեցին իրենց 11 դասընկերներին, որից հետո ինքնասպան եղան:
-           ԱՄՆ-ում «դպրոց» և «բռնություն» բառերը գրեթե հոմանիշներ են: Պատճառը աշակերտների շրջանում էթնիակական շերտավորումներն են: Իրար հետ են սովորում մեքսիկացիներն ու լատինոամերիկացիները, այսպես կոչված «սպիտակներն» ու «սևերը»:
-           Բռնությունների մեծ չափաքանակ կա նաև Մեծ Բրիտանիայում: Այնտեղ կան բամաթիվ փակ քոլեջներ, որոնք նախատեսված են միայն տղաների համար, որտեղ սեռական ոտնձգությունները սովորական երևույթ են:
-           Ռուսաստանում ուսուցիչներից մեկը ստիպել է երեխաներին բերանով մաքրել իրենց իսկ կողմից աղտոտած գետինը, որից հետո աշակերտներից մեկին ստիպել է բոլորի առաջ իջեցնել տաբատը:
-           Հաճախ սադիստներն իրենց զոհերի լուսանկարները տեղադրում են պոռնո կայքերում և տվյալ անձին վարկաբեկող մեկնաբանություններ թողնում: