Ինչպես օրերս հայտնի դարձավ, Երևանի քաղաքապետարանը և Orange Armenia ընկերությունը մայրաքաղաքի 5 ավտոբուսներում ներդրել են WiFi ինտերնետ: Փաստորեն, այսուհետ ինտերնետ կլինի անգամ ավտոբուսներում, մինչդեռ, օրինակ, Երևանի պետական համալսարանում նորագույն տեխնոլոգիաների մասին դեռևս տեղյակ չեն: Եթե քաղաքի գրեթե բոլոր սրճարաններում, ակումբներում, այգիներում, արդեն նույնիսկ որոշ ավտոբուսներում անլար անվճար ինտերնետ կա, ապա ԵՊՀ-ում այն վաճառվում է:
Տարիներ շարունակ ուսանողները պահանջում են բուհի ղեկավարությունից ուսանողներին և համալսարանի ամբողջ անձնակազմին տրամադրել անվճար անլար ինտերնետ, սակայն բուհի ղեկավարությունն ինչպես միշտ լռում է:
Այս կապակցությամբ վերջին բողոքի ալիքը բարձրացավ մի քանի օր առաջ` համալսարանի ակտիվիստ Արտակ Բեգլարյանի նախաձեռնությամբ:
Անցկացվեց ստորագրահավաք` ԵՊՀ տարածքում ուսանողներին և համալսարանի ամբողջ անձնակազմին անլար ինտերնետ տրամադրելու խնդրանքով։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ուղղված բաց նամակում ասվում է.
«Հարգելի´ պրն. Սիմոնյան,
Մենք՝ ԵՊՀ ուսանողներս հայտնում ենք մեր դժգոհությունը առ այն, որ ինչպես մենք, այնպես էլ ԵՊՀ ողջ անձնակազմը, հնարավորություն չունենք ԵՊՀ տարածքում անվճար կերպով օգտվելու անլար ինտերնետի ծառայությունից, որը ներկա պահին մատուցվում է վճարովի քարտերի միջոցով:
Ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի (ընդունվել է 14.12.2004) 17 հոդվածի 3 կետի 5 ենթակետում, մենք իրավունք ունենք. «անվճար օգտվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք ԵՊՀ ամբողջ տարածքում ապահովել անվճար անլար ինտերնետ, ինչը մեզ թույլ կտա անվճար կերպով օգտվել ԵՊՀ համար հասանելի ինտերնետային վճարովի գրադարաններից»:
Ստորագրահավաքին մասնակցել են բազմաթիվ ուսանողներ: Այն անցկացվել է նաև համացանցում: Երեկ, ԵՊՀ ռեկտորատ հանձնվեց 160 ուսանողների ստորագրություններով դիմումը՝ ուղղված ռեկտորին, որով պահանջվում է ԵՊՀ տարածքում ապահովել անվճար անլար ինտերնետ կապ:
Դժբատաբար, այսօր համալսարանի և ավտոբուսի միջև նմանությունները շատ են: Երկուսից էլ հիմնականում օգտվում են ուսանողները, ծառայությունները մեծ մասամբ վճարովի են, ամռանը շոգ է, ձմռանը` ցուրտ, ցանկացած պատահական մարդ կարող է հայտնվել այստեղ և այլն: Սակայն այսուհետ որոշ ավտոբուսներ կլինեն առավել լավ տեխնիկապես զինված, քան համալսարանը: Դաժան է, չէ:
Ազնիվ լինելու համար նշեմ, որ ԵՊՀ-ի գրադարանում ժամանակին եղել է անվճար անլար ինտերնետ, մասնավորապես` 39-րդ Համաշխարհային Սոցիոլոգիական Կոնգրեսի ընթացքում, որն ընդունում էր ԵՊՀ-ը: Եվ քանի որ կոնգ֊րե֊սին պետք է մասնակ֊ցե֊ին սո֊ցիա֊լա֊կան գի֊տութ֊յուն֊նե֊րի ակ֊նա֊ռու ներկայացուցիչներ և աշ֊խա֊տանքնե֊րում ընդգրկ֊ված էին 89 հա֊մալ֊սա֊րան֊ներ ա֊վե֊լի քան 50 երկրնե֊րից, համալսարանի ղեկավարությունը շատ կարճ ժամանակով առատաձեռն էր գտնվել: Ցավալի է, որ օտարազգի ուսանողների և դասախոսների նկատմամբ, համալսարանն ավելի բարեհաճ է, քան սեփական դասախոսական կազմի և ուսանողների նկատմամբ:
Շատ հաճախ, համալսարանում պատճառաբանում են, որ անվճար կապի առկայության պարագայում ուսանողները կայցելեն սոցիալական կամ էրոտիկ կայքեր: Իսկ ո՞վ ասաց, որ եթե ինտերնետը վճարովի է, ուսանողը չի կարող նույն էրոտիկ կայքերը այցելել: Թե՞ գումարով նման կայքեր այցելելը չի դատապարտվում: Շատ հետաքրքիր տրամաբանություն է:
Տեղեկատվական տեխնոլոգիաներից կամ թեկուզ համակարգչից գոնե մի քիչ գլուխ հանող մարդու համար ակնհայտ է, որ սոցիալական, էրոտիկ և ժամանցային կայքերը բավականին հեշտ է արգելափակել: Փոխարենը, ուսանողները կկարողանան անվճար օգտվել էլեկտրոնային գրադարաններից, գրականություն ներբեռնելու հնարավորությունից, ավելի ակտիվ կհետևեն ինֆորմացիոն հոսքերին և կկարդան թարմ մասնագիտական հոդվածներ:
Եթե մեր պաշտոնյաներից ոմանք նիստերի ու ժողովների ժամանակ մերկ աղջիկների լուսանկարներ են նայում, դեռևս չի նշանակում, որ ուսանողները նույնպես պետք է այդպես անեն: Չլինի՞ մեզ իրենց արշինով են չափում:
Բարեբախտաբար, մեզանից շատ շատերը համալսարանական համակարգիչների, առավել ևս անվճար ինտերնետի կարիք չունենք: Համակարգիչն ու ինտերնետն այսօր բոլորիս համար դարձել են շատ հասանելի և առկա են գրեթե բոլորիս տներում: Խոսքն այստեղ վերաբերում է համալսարանի հեղինակությանը: 21-րդ դարում կրթական, այն էլ պետական հաստատությունը իրավունք չունի հետ մնալ ժամանակի պահանջներից:
Չեմ կարծում, որ մեր հայաստանյան ինտերնետ օպերատորներից մեկի համար խնդիր կլինի համալսարանն ապահովել անլար ինտերնետ կապով: Ակնհայտ է, որ բացակայում է համալսարանական վերնախավի կամքն ու ցանկությունը:
No comments:
Post a Comment