
Ցանկացած առողջ հասարակություն բաղկացած է երկու սեռերի ներկայացուցիչներից, որոնց ժողովրդավարական պետությունների Սահմանադրությունները տալիս են հավասար իրավունքներ, պարտականություններ և ազատություններ: Ու չնայած դրան, շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, կնոջ դերը հասարակական և քաղաքական կյանքում բավականին ցածր է` ի տարբերություն ընտանիքի, որտեղ կինը առանցքային տեղ է զբաղեցնում:
Մի շարք երկրներում կանայք տղամարդկանց հետ հավասար զբաղեցնում են երկրի համար կարևորագույն պաշտոններ և աշխատում են այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ոստիկանությունը, ազգային անվտանգության համակարգը, ավիացիան, կառավարությունը, օրենսդիր և դատական մարմինները, տրանսպորտային և հաղորդակցական ոլորտը և այլն:
Շատ երկրներում դասավորվել է այնպես, որ կինը կատարում է լվացքի մեքենայի և փոշեկուլի գործառույթներ` չունենալով աշխատանք, մասնագիտություն և չմասնակցելով երկրի հասարակական ու քաղաքական կյանքին:
Գենդերային հավասարության խնդիրն այսօր Հայաստանում բավականին արդիական է և շատ հաճախ է քննարկվում: Շատերին են հետաքրքում «գենդեր» հասկացության, «գենդերային հավասարության» էությունն ու բնույթը, սակայն շատ հաճախ այս հասկացությունները օգտագործվում են սխալ ենթատեքստով և սխալ իմաստով:
ԻՆՉ Է «ԳԵՆԴԵՐԸ»
«Գենդեր» հասկացությունը ժամանակակից աշխարհի խոշորագույն նվաճումներից է: Եթե «սեռ» հասկացությունը բնութագրում է կանանց և տղամարդկանց կենսաբանական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական և բնության կողմից տրված այլ առանձնահատկութ-յունները, ապա «գենդերը» սոցիալական սեռն է, որը մատնանշում է կնոջ և տղամարդու միջև առկա սոցիալական տարբերությունները և հասարակության կողմից նրանց վերագրված դերերի առանձնահատկությունները: Գենդեր հասկացությունը առաջինը կիրառել է Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռոբերտ Ստոլլերը` 1968 թվականին:
ԻՆՉ Է «ՖԵՄԻՆԻԶՄԸ»
Շատ հաճախ խոսելով գենդերային հավասարության մասին, մարդիկ այն շփոթում են ֆեմինիզմի հետ և նույնացնում են այդ երկու հասկացությունները: Ֆեմինիզմը կականց շարժում է, որը սկիզբ է առել 19-րդ դարում Հյուսիսային Ամերիկայում և Ֆրանսիայում: Այն շարժում է, որի նպատակն է պաշտպանել կանանց իրավունքները, նրանց տեղը ապահովել տարբեր ոլորտներում, բարձրացնել նրանց դերը հասարակական կյանքում:
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետությունը միացել է տարբեր միջազգայիին կոնվենցիաների և պայմանանգրերի, որոնք սահմանում էեն կնոջ և տղամարդու հավասարությունը:
Սեռերի հավասարության սկզբունքներն ամրագրված են նաևև ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, որտեղ նշված է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերը իրավահավասար են անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:
Նույն հանգամանքները չեն կարող պատճառ համարվել աշխատանքային պայմանագրի լուծման համար, բացի այդ, տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց պետք է վճարվի է նույն չափով աշխատավարձ:
Մակի Կոնվենցիան Կանանց քաղաքական իրավուքնենրի մասին

Գենդերային խտրականության դրսևորումները Հայաստանում
Գենդերային խտրականությունը գործընթաց կամ գործելակերպ է, երբ մեկ սեռերից մեկին տրվում է նախապատվություն: Այդ նախապատվությունը կարող է ամրագրված լինել օրենքով, և այդ դեպքում խոսքը բացահայտ խտրականության մասին է: Այսօր երկրների մեծ մասում հաստատվել է գենդերային իրավահավասարություն, սակայն խտրական գործելակերպը պահպանվում է: Օրինակ` ՀՀ-ում Սահմանադրությունը արգելում է սեռի սկզբունքով խտրականությունը, սակայն իրականում գիտենք հայ կանանց դերն այսօր էլ շարունակում է մնալ սահմանափակ: Նրանք պասիվ են քաղաքականության մեջ, հասարակական կյանքում, հաճախ հաշվի են նստում տղամարդու կարծիքի և որոշման հետ, այլ կերպ ասած` հնազանդ են: Գուցե շատերը սա դրական երևույթ համարեն, սակայն առողջ հասարակությունը չպետք է ապրի գենդերային կարծրատիպերով և նախապաշարմուքներով:
Տղամարդու և կնոջ հավասարության մասին խոսելիս, հարկավոր չէ նկատի ունենալ ֆիզիկական հավասարությունը, բայց սոցիալապես կինն ու տղամարդը պետք է լինեն հավասար: Դա նշանակում է, որ հասարակության և պետության մեջ նրանց համար պետք է լինեն հավասար հնարավորություններ: Շատ հաճախ աշխատանքի տեղավորվելիս նախպատվությունը տրվում է տղամարդուն և կարևոր չէ նրա գիտելքիը. այստեղ որոշիչը սեռն է: Այսօր, հայ տղամարդկանց մեծամասնությունը կարծքում է, որ կնոջ առաքելությունը միայն տանը նստելը, ճաշ եփելը, մաքրություն անելն ու երեխաներին խնամելն է:
Գենդերային խտրականության դրսևորում է համարվում`
- ընտանիքում (ընտանեկան պարտականությունների անհավասար բաշխման, հղիության ստիպողական ընդհատման, արգելքների և այլնի միջոցով),
- աշխատաշուկայում (միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությամբ, աշխատավարձի փոփոխությամբ` բարձրացմամբ կամ իջեցմամբ, կամ աշխատանքի պայմանների վատթարացմամբ):
- գենդերային խտրականության ձևերից են գենդերային բռնությունը, սեռական ոտնձգությունը, սեռական հետապնդումը:
- գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով,
- այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետևանքներ՝ որոշակի սեռի անձանց վնաս պատճառելով:
![]() Որքանո՞վ են կինն ու տղամարդը հավասար Հայաստանում և պետք է արդյո՞ք հավասարություն նրանց միջև: Հարցին պատասխանում են 18-25 տարեկան երիտասարդներ: |
Լիլիթ, 18 տարեկան-Վերջին տարիներին Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև գոյություն ուենցող տարբերությունը նվազելու միտում ունի: Կանայք այսօր ավելի ազատ են թե´ հագուստի, թե´ մտածելակերպի և թե´ վարքի առումով: Կարծում եմ, որ հավասարություն տղամարդու և կնոջ միջև հարկավոր է, բայց գործնականում այն անհնար է: Նրանց անհավասարությունը գալիս է բնությունից և դրա դեմն առնել մենք չենք կարող:
Մհեր, 22 ատրեկան-Իմ կարծիքով Հայաստանում կինն ու տղամարդը ունեն, թեկուզ ոչ բացահայտ, սակայն անհավասար վիճակ, ինչպես անձնական, այնպես էլ հասարակական կյանքում` կապված կարծրատիպային մտածողության և գենդերային խնդիրների ոչ ճիշտ ընկալման հետ: Ճիշտ է, հավասարությունը չի կարող լինել բացարձակ, բայց խոսելով հավասարության մասին` պետք է նկատի ունենալ իրավահավասարության սկզբունքը և հավասար հնարավորությունների առկայությունը:
Մարիա, 19 տարեկան- Ստացվել է այնպես, որ և´ կրթական, և´ հասարակական ոլորտում կինն ունի բացահայտ առավելություն տղամարդու նկատմամբ, սակայն նրա այդ առավելությունը չի գնահատվում և պետական պաշտոնները հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ: Այս առումով մեծ խտրականություն է դրվում երկու սեռերի միջև: Տղամարդկանց մեծ մասը կարծում են, որ կնոջ տեղը միայն խոհանոցն է, սակայն այսօր մենք հակառակն ենք տեսնում: Կինը ունի մեծ պոտենցիալ և աստիճանաբար իշխող դիրք է ձեռք բերելու: Կնոջ և տղամարդու հավասարությունը կարևր է առողջ ընտանիքի ստեղծման համար:
Գևորգ, 25 տարեկան-Կինը պետք է իրեն կնոջ նման պահի, զբաղվի երեխաների դաստիարակությամբ և նստի տանը: Չէի ուզենա, որ իմ կինը աշխատեր, շփվեր այլ տղամարդկանց հետ, քանի որ նա միայն ինձ է պատկանում և իմ երեխաներին: Հավասարության մասին բոլոր խոսքերը սուտ են: Աշխարհը պետք է լինի տղամարդու ձեռքում, իսկ կինը պետք է լինի հնազանդ և խոնարհ: Գնալով մեր երկրում կանանց ավելի մեծ ազատություններ են տրվում, ինչը հանգեցնում է ընտանիքների քայքայման: Մենք ավանդապահ ժողովուրդ ենք և պիտի պահպանենք մեր ավանդույթները:
Հետազոտությունները հավաստում են նաև, որ նախորդ տարիների համեմատ գենդերային բռնության, այդ թվում՝ ընտանեկան բռնության հիմնախնդիրն ավելի է սրվել: Աղքատության բարձր մակարդակը, գենդերային կարծրատիպերը, գենդերային զգայունության անբավարար մակարդակը, գենդերային իրավահավասարության ապահովման և գենդերային բռնության կանխարգելման ազգային մեխանիզմների թույլ կարողությունները այն գործոններն են, որոնք նպաստում են գենդերային բռնության բարձր մակարդակին և վերջինիս հետագա աճին:
Գրիգոր Երիցյան