ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՄԱՐԴԻԿ
ԵՊՀ-ի դասախոսները շատ հաճախ են նշում, որ իրական ժողովրդավարական ընտրությունների ամենաառաջին երաշքիքն են մրցակցային ընտրությունները, այսինքն` ընտրողը պետք է ունենա այլընտրանք և մի քանի թեկնածուներից ընտրի մեկին: Հենց նույն ԵՊՀ-ում, ռեկտորի ընտրությունները անցնում են առանց վերոնշյալ մրցակցության: Չնայած ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել, այդ մրցույթին մասնակցելու համար ԿԳ նախարարություն դիմել էր միայն Արամ Սիմոնյանը:
Տարօրինակ է, որ մեր երկրում, որտեղ ամեն երկրորդն իրեն առաջնորդ է համարում, չի գտնվել ուրիշ մեկը, ով կառաջադրեր իր թեկնածությունը ԵՊՀ ռեկտորի պաշտոնում: Արդյունքում, ինչպես հայտնի դարձավ այսօր 60 կողմ, 7 դեմ և 2 անվավեր ձայների արդյունքում կրկին Երևանի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը:
Թերևս միայն Հայաստանում պետական բուհի ռեկտորի պաշտոնի համար կարող է լինել միայն 1 թեկնածու: Սա վկայում է ոչ միայն բուհի կառավարման համակարգում ժողովրդավարության ցածր մակարդակի, այլ նաև դրա բացակայության մասին: Փաստորեն, եթե, օրինակ, Սիմանյանին չընտրեին, բուհը կմնար առանց ռեկտորի: Չնայած սա ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ ընտրություններից շատ առաջ, թերևս, կարելի էր վստահաբար ասել, որ համալսարանի հաջորդ ղեկավարը լինելու է գործող ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Այնուամենայնիվ, Սիմոնյանի երկրորդ անգամ նույն պաշտոնում վերընտրվելը բացարձակապես չի խոսում նրա աշխատանքի արդյունավետության, նրա նկատմամբ վստահության բարձր աստիճանի ու նրա լեգիտիմության մասին: Անկնահյտ է, որ բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ դժգոհ են ռեկտորի աշխատանքից և համալսարանում տիրող մթնոլորտից: Դրա մասին են վկայում վերջերս ՀՀ նախագահին ուղղված բաց նամակները, ուսանողների դժգոհությունները, կրթության ցածր որակը, բարեփոխումների բացակայությունը և այլն:
Մասնավորապես` բաց նամակում ուսանողները նախագահին խնդրում էին հենվել համալսարանի առողջ հատվածի վրա և դուրս բերել մայր բուհը անդունդից` կանխելով բուհում տիրող բարքերը և անառողջ մթնոլորտը: Նրանք նշում էին, որ Արամ Սիմոնյանը ցանկացած շրջապատում խոսում է այն մասին, որ երկրի նախագահն է իր հովանավորը:
Ինչևէ, թե ով ում է հովանավորում ինձ այդքան էլ չի մտահոգում: Մտահոգող է այն հանգամանքը, որ բուհն ունի մի շարք խնդիրներ, որի արդյունքում տուժում են ուսանողներն ու դասախոսները: Նախկին և այժմ արդեն ներկա ռեկտորի պաշտոնավարման արդյունքուն չեն լուծվել բուհի մի շարք առանցքային ու կարևոր հարցեր:
· Ուսանողների կրթաթոշակը շարունակում է մնալ ծիծաղելի` 5000 դրամ, որը չի կարող նրան բավարարել անգամ ուսումնական նյութերի կեսի կեսը պատճենելու համար:
· Դասախոսների աշխատավարձը շարունակում է մնալ ցածր, ինչը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր:
· Բուհի գրադարանում բացակայում է նոր հրատարակված մասնագիտական գրականությունը, իսկ ինտերնետային ծառայությունները վճարովի են:
· Համալսարանում շարունակում է տարածված լինել հովանավորչությունը:
· Ուսանողությունը չունի իրական լծակներ` ազդելու բուհի կառավարման վրա:
· Անվճար համակարգում սովորող շատ ուսանողներ առհասարակ կրթաթոշակ չեն ստանում:
· Բուհի հիմնական ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով:
· Համալսարան ընդունվող ուսանողների քանակն աճում է (19.000), իսկ որակը` իջնում:
· Բարձրագույն կրթության դիպլոմը շարունակվում է դիտարկվել որպես օժիտի բաղկացուցիչ մաս:
· Համալսարանում շարունակում է տիրել բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ, որն ուսանողին չի տրամադրում սովորելու, իսկ դասախոսին` դասավանդելու:
· Համալսարանում չկան փոխանակման ծրագրեր:
· Բազմաթիվ ֆակուլտետներում շարունակում են բացակայել մասնագիտական պրակտիկաները:
· Համալսարանը գրեթե չի աջակցում իր ուսանողներին աշխատանքի ընդունման հարցում:
· Չեն իրականացվում մասնագիտական կողմնորոշմանը միտված դասընթացներ:
· Բուհը ֆինասապես չի աջակցում իր ուսանողների արտասահման գիտական միջոցառումների մեկնելու հարցում:
Հարցերն ու խնդիրները բազմաթիվ են և շատ ցավալի է, որ դրանց մասին մոռանում են հենց ռեկտորի ընտրության օրը: Փաստացիորեն, համալսարանի ու երկրի ապագայով մտահոգվում են միայն դեմ քվեարկած 7 հոգին, իսկ մյուս 60-ին հավանաբար ձեռնտու է ներկայիս իրավիճակը:
Ամեն դեպքում ամեն ինչ օրինաչափ է, քանի որ հայաստանյան բուհերի ռեկտորների ընտրությունները վաղուց արդեն ոչ մի կապ չունեն բուհական ժողովրդավարության հետ:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ-շատ պաշտոններ, այդ թվում` ԵՊՀ ռեկտորի պաշտոնը, դառնում են ցմահ: Հայաստանում անփոխարինելի մարդիկ ԿԱՆ:
No comments:
Post a Comment