~ Nationalism ... is like cheap alcohol.
First it makes you drunk, then it makes you blind, then it kills you. ~
Ամիսներ առաջ, երբ Երևանում նախաձեռնեցինք մեկշաբաթյա արշավ ընդդեմ ռասիզմի, մամուլում տեղ գտան ծաղրական հոդվածներ, թե իբր Հայաստանում որտեղից ռասիսներ լինեն: Հոդվածներից մեկում «հեղինակը» գրում էր, որ եթե հասարակական կազմակերպություններին փող տան, նրանք կարող են անգամ ապացուցել, որ տասնամյակներ շարունակ սևամորթների նկատմամբ մասսայական խտրականություն է եղել Լոռու և Շիրակի մարզերում: Այսօր արդեն իսկ ակնհյատ է, որ մեր արշավը ոչ միայն տեղին էր, այլև անհրաժեշտ: Հայկական մամուլն այսօր ողողված է տարատեսակ ռասիստական հոդվածներով, նացիստական ու շովինիստական գաղափարներով: Մինչ մեր երկրի ղեկավարությունը բողոքում է հարևան երկրներում ատելության մակարդակից, մեր երկրում մամուլը բացահայտ ատելություն և կարծրատիպեր է տարածում:Օրերս www.bnaban.am կայքում տեղադրվեց հարցազրույց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանի հետ, ով իբր թե փորձ է անում բացահայտել հայի էությունն ու կարևորում հայկական արժեքներին անվերապահորեն հավատարիմ մնալու հանգամանքը։ Նա դա փորձում է անել այլ մշակույթների նսեմացման, ազգերի ստորացման ու ատելախոսության միջոցով:
![]() |
| Ինչո՞ւ պետք է աշխարհին իրենց աչքերով նայենք: |
Անենասկզբից նա սկսկում է կարծրատիպեր տարածել: Բերեմ մի քանի օրինակ հոդվածից`
- աֆրիկացու համար մարդակերությունն է սովորական բան, ամերիկացու համար՝ մեկ այլ բան
- ամեն հայ տղամարդ որոշում կայացնող է
- անհատապաշտությունն է ժողովրդավարության հիմքը
- թյուրքական ցեղերում առաջնորդի ասածն է օրենք, որովհետև մտածել չգիտեն
- եթե մայրը ճիշտ է դաստիարակում զավակներին, ապա աղջիկ երեխան պետք է մեծանա որպես ընտանիքի մայր, իսկ տղա երեխան՝ որպես որոշում կայացնող
Այնուհետև կենսաբանը նացիստական-ռասիտական գաղափարներ է առաջ քաշում, օրինակ`
- թյուրքական ցեղերում առաջնորդի ասածն է օրենք, որովհետև մտածել չգիտեն։ Սա բխում է նրանց ուղեղի կառուցվածքից, մեր ուղեղն այլ կերպ է կառուցված։ (Հիշենք, որ ռասիստների հիմնական մտքերից էր, որ արիացիների գանգի կառուցվածքը տարբերվում է):
- մինչդեռ հիմա մեզ դրդում են դեպի եվրոպական մշակութային արժեքներ։ Բայց, ախր, դա եվրոպական արժեք էլ չէ. դա աֆրոամերիկյան, սեքսի գաղափարի վրա հիմնված պարզունակ երաժշտություն ու մշակույթ է
- աֆրիկյան այդ ցեղերն ունեն նաև ռազմի երգեր ու պարեր, բայց, չգիտես ինչու, տարածվում ու քարոզվում է սեքսի վրա հիմնված պարարվեստը
Դրանից հետո սկսվում է հայ ժողովրդի բացառիկության քարոզը`
- մեր արժեհամակարգը մեզ համար ամենալավն է ու բնութագրում է մեր ներաշխարհը, մեր մտածելակերպը, մեր ստրուկտուրֆունկցիոնալ կառուցվածքը։
- եթե մայրը ճիշտ է դաստիարակում զավակներին, ապա աղջիկ երեխան պետք է մեծանա որպես ընտանիքի մայր, իսկ տղա երեխան՝ որպես որոշում կայացնող
- ամեն հայ տղամարդ որոշում կայացնող է
- հայ տղամարդը հանճար է, կինը` տաղանդ
Այս հրապարակումից հետո սոցիալական կայքերում բավականին թեժ քննարկումներ սկսվեցին: Կազմվեց խնդրագիր (պետիցիա), որը պահանջում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ղեկավարությունից հեռացնել նացիստ-էքստրեմիստին իր պաշտոնից: Խնդրագրի տեքստը հետևյալն է. «Իր հարցազրույցներից մեկում նա շատ բացասական կարծրատիպեր է տարածել: Աֆրիկացիները, ըստ նրա, հանիբալներ են, կինը պետք է դաստիարակի երեխաներին, իսկ տղամարդը կայացնի որոշումներ, հայ տղամարդը հանճար է, կինը` տաղանդ: Ըստ նրա` հայերի ուղեղի կառուցվածքը տարբերվում է «թյուրքական ցեղերի» ուղեղից (և վերջիններս չեն կարողանում մտածել): Բացի այդ նա Եվրոպան ցեխաջուր է անվանում: Եվ նա աշխատում է համալսարանում»:
Խնդրագիրը կարող եք գտնել և ստորագրել հետևյալ հղումով` http://www.change.org/petitions/russian-armenian-slavonic-university-remove-nazi-and-extremist-official-from-his-position
Բավականին թեժ քննարկում էր սկսվել նաև հենց կայքում, որտեղ տեղադրվել է հոդվածը - http://bnaban.am/index.php?option=com_content&view=article&id=1344:vahradyan&catid=58:haygit&Itemid=94&lang=en
Ի դեպ, հեղինակի հետ չհամաձայնող օգտատերերի մեկնաբանությունները միանգամից ջնջվում են:
Օգտատերերից մեկը գրում է. «Վաստակավոր դեբիլատոր, ուրիշ ոչ մի միտք չի գալիս 8-րդ դասարանի հայոց պատմությունն ու կենսաբանություն ից երկու-երեք պարագրաֆ հիշող այս մարդու խոսքերից, և քանի մարդու կարծիքափոխ արել սա իր "պայծառամտությամբ", համ նալին է խփում համ մեխին, այ էդտեղից էլ վատ հոտ է գալիս....այսքանը:Մի լվացե'ք մեր ուղեղները առավել հիմարությամբ, քանի այսօր կա և գոնե փորձ է արվում նվազեցնել, հասցնել մինիմումի»:
Առհասարակ, www.bnaban.am կայքում շատ հաճախ կարելի է հանդիպել ազգայնական, ատելախոսական հոդվածների, ռասիստական արտահայտությունների և մտքերի: Մեջբերեմ դրանցից մի քանիսը`
- մեր արիական ծագումը
- ինչ տեսակի կենսաբանական և հասարակական էակ է ադրբեջանցի հորջորջված հանրությունը, գիտությունն առայժմ միայն հարյուրամյակով կեղծվող տվայալների հետ գործ ունի
- նրանց(ադրբեջանցիներ) պարագայում ամեն ինչ գողոն է ու թալան` սկսած ինքնանվանումից
- Եվ ի՞նչ «ժողովրդավարության» մասին է խոսքը, երբ մենք «ազգ» ենք
- Ես կամ, քանի դեռ ատում եմ
- մեր թշնամիները
- թշնամին մեր իսկ ձեռքերով կործանի մեր զորացման աղբյուրները
- ռուս-հայկական հեթանոսներն իրենց հիմնական “թշնամին են համարում ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Վատիկանը
- մեր նախնիների աստվածընտրյալ ժողովուրդ
- ջհուդն իր գործն անում է
- «Եկեղեցի» բառը կազմված է «եկ» և «եղծել» բառերից: «Եղծել» նշանակում է՝ ուրանալ: Այսինքն` արի, ուրացի քո արիական կրոնը
Այսպիսի արտահայտություններն այնքան շատ են, որ իմաստ չունի դրանք բոլորը մեջբերել:
Շատ տարօրինակ էր նաև հայկական մամուլի արձագանքը կապված նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ: Նրան շատ անգամ ներկայացնում էին ոչ թե որպես ահաբեկիչ, այլ ընդամենը հակաիսլամական և իսրայելամետ հայացքների ջատագով: Գրեթե ամենուր մեջբերվում էր հոգեկան հիվանդի անդրադարձը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, նրա կարծիքը Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին և այլն: Շատ քչերը հիշեցին, որ այդ մարդու կատարած հարձակման և պայթյունի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Հետաքրքիր էր «Առավոտ» թերթի խմբագրի մեկնաբանությունը` «Նորվեգիացի ստահակը Արևմուտքն ուզում էր փրկել մահմեդականներից։ Եթե ինչ-որ մեկը Հայաստանում նրա այդ մտադրությունից նույնիսկ հոգու խորքում, նույնիսկ չբացահայտված հաճույք է ստանում, նա լուրջ հոգեբանական խնդիր ունի, որովհետև տառապում է փրկչի սինդրոմով. փրկչի սպասելու կամ անձամբ փրկիչ դառնալու՝ միևնույնն է»: Ամենավատն այն է, որ այս գաղափարները տարածվում են հայ երիտասարդության և ուսանողության շրջանում: Նրանցից շատերը չունեն երկրից դուրս գալու հնարավորություններ, տեղեկատվությունը ստանում են հիմնականում հեռուստատեսությամբ, չեն օգտվում համացանցից, այսինքն` ապրում են մեկուսացված: Ցանկացած նման գաղափար նրանք ընդունում են որպես ճշմարտություն` առանց ստուգելու այն: Արդյունքում` հասարակությունը դառնում է անհանդուրժող և այլատյաց` լի կարծրատիպերով ու նախապաշարմունքներով: Հաճախ մեր լրագրողները նույնպես այդ նախապաշարմունքների զոհն են: Եթե ուզում ենք մենք էլ ունենանք մեր Բրեյվիկներին, ապա պետք է շարունակենք նույն ոգով!
