Showing posts with label Articles. Show all posts
Showing posts with label Articles. Show all posts

Friday, June 24, 2011

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅ է ԵՂԵԼ (ՄԱՍ I)


Իսկ դուք գիտեի՞ք, որ աշխարհի ամենաառաջին կին դեսպանը ՀԱՅ է եղել: Կարծում եմ` ոչ, քանի որ այդ մասին գրեթե չի խոսվում: Ներկայումս, երբ կնոջ դերը հայ հասարակության մի շարք ոլորտներում բավականին ցածր է, դժվար է պատկերացնել, որ ամբողջ աշխարհում դեսպանի պաշտոնում նշանակված առաջին կինը եղել է ՀԱՅ:

Փաստացիորեն, աշխարհի առաջին կին դեսպան համարում են միջազգային և ռուսական հեղափոխական գործիչ ու սովետական դիվանագետ Ալեքսանդրա Կոլոնտային, ով 1923 թվականից 1952 թվականը եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում և Շվեդիայում:

Մինչդեռ դա ամենևին էլ ԱՅԴՊԵՍ ՉԷ: Արդեն 1920 թվականին, այսինքն` 3 տարի ավելի շուտ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել հայազգի Դիանա Աբգարը:  Դիանա Աբգարի կյանքի ու գործունեության մասին քիչ տեղեկություններ կան:  Դիանան, ում իսկական անունը Անահիտ է, իսկ օրիորդական ազգանունը Աղաբեկյան, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն), բարեկեցիկ ընտանիքում: 


Իր ծննդյան տեղի, ինչպես նաև նրա հետ կապված շատ այլ իրադարձությունների մասին տարբեր, հաճախ իրարամերժ տեսակետներ կան: Տարբեր աղբյուրներում Դիանայի ծննդյան վայրը նշված է Բիրման, սակայն Բուենոս Այրեսում տպագրվող «Արմենիա» պարբերականի 1984 թվականի համարներից մեկում որպես նրա ծննդյան վայր է ներկայացվում Նոր Ջուղան: Մեկ այլ տարբերակ է գրվել «Հայ զինվոր» թերթի անցյալ տարվա 3 համարում, որտեղ լույս տեսած ակնարկում նշվում է Հնդկաստանի Բոմբեյ քաղաքը:
Իրականում Դիանայի անունը Դայանա է, բայց քանի որ ինքը` Աբգարը, իր անունը հայերեն գրել է Դիանա, այժմ ընդունվում է այդ տարբերակը: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ:

Դիանա Աբգարը Յոկոհամայում
1890-ին Աբգարը ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի  (Մայքլ Աբգար) հետ, ով էլ կանխորոշել է օրիորդի հետագա կյանքի ընթացքը: Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել Չինաստանի Հոնկոնգ քաղաքում, որից հետո նորապսակ ամուսնական զույգը ճանապարհորդության է մեկնել Չինաստան և Ճապոնիա: Այստեղ էլ նրանք որոշել են մշտական բնակություն հաստատել` ընտրելով Ճապոնիայի Կոբե քաղաքը:

1906-ին` իր ամուսնու անակնկալ մահից հետո, Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը` մինչ որդու չափահաս դառնալը: Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի ամենաբանուկ նավահանգիստներից մեկը` Յոկոհամա, որը գտնվում էր Տոկիոյից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ Դիանան բացել է ընդարձակ վաճառատուն, որը առևտուր էր կատարում Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Շուտով նրա ընտանիքը մեծ առանձնատուն է գնում Յոկոհամայի Յամատե թաղամասում, որի հյուրընկալ դռները միշտ բաց են եղել ինչպես օտար բարձրաստիճան անձանց, այնպես էլ խոնարհ հայ գաղթականների առաջ:

Առաջին Համաշխարհային պատերազմի նախօրեին և նրա տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է Յոկոհամայի «The Japan Gazette» անգլալեզու ճապոնական թերթին: Այդ թերթի հրատարակչությունում նրա անգլերեն հրատարակած գրքերից են «The Truth About the Armenian Massacres»-«Ճշմարտությունը հայության ջարդերի մասին»(1910), «The Case of the Armenians»-«Հայկական հարցը», Betrayed Armenia-«Դավաճանված Հայաստան»(1912), «In His Name»-«Իր անունով»(1911), «The Peace of Europe»-«Եվրոպայի խաղաղությունը», «The Peace Problem»-«Խաղաղության հարցը»(1912), «Peace and No peace»-«Խաղաղություն և ոչ խաղաղություն»(1912): Նա նաև կատարել է ժամանակի հանրահայտ «Թայմս», «Ֆիգարո» և այլ թերթերի ու ամսագրերի պատվերները` գրելով հոդվածներ Արևելքի երկրների տնտեսության վերաբերյալ: Բացի հայերենից ու անգլերենից Դիանան տիրապետել է նաև հնդկերենին, ճապոներենին ու չինարենին:

Դիանան նաև բանաստեղծություններ է գրել, որոնք լույս են տեսել եվրոպական ու ամերիկյան մամուլում: Նրա վերջին գործը եղել է «From the Book of One Thousand Tales», «Stories of Armenia and its People»-«Հազար պատմվածքների գրքից», «Հայաստանի ու նրա մարդկանց պատմությունները» պատմվածքների ժողովածուն, որը 2004-ին ԱՄՆ-ում հրատարակել է նրա թոռնուհին` Լուսիլ Աբգարը: Ճիշտ է, դրանք գեղարվեստական գրվածքներ են, սակայն բոլորն էլ իրական հիմք ունեն և ներկայացնում են հայ ժողովրդի կյանքն իր հայրենիքում: Աբգարը դրանք լսել և գրի է առել Ճապոնիա հասած հայ փախստականներից:

Դիվանագետը լավատեղյակ էր ինչպես հայ ժողովրդի ծանր վիճակի, այնպես էլ եվրոպական երկրներից տրվող օգնության պակասի մասին: Ճապոնացի ուսումնասիրող Հիդեհարու Նակաջիմայի խոքերով` «Դիանա Աբգարը, 46 տարի ապրելով հեռավոր Ճապոնիայում, միակ հայ կինն էր, ով լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին»: Նա ամեն ինչ արել է Եվրոպայի օգնությունը կազմակերպելու ուղղությամբ, բայց ապարդյուն: Դիանան ցանկանում էր, որ ԱՄՆ-ը խնամակալ պետություն դառնա Հայաստանի համար, որը նույպես, ինչպես գիտենք, տեղի չունեցավ:

Դիանա Աբգարի գերեզմանը Յոկոհամայում
Հայոց ցեղասպանությանը հաջորդող տարիներին իր կրթությամբ, հարստությամբ ու հայրենասիրությամբ մեծ համբավ ու հեղինակություն վայելող Դիանան դրսևորեց իր մեծ սերն ու հարգանքը հայ ժողովրդի հանդեպ: Նա փորձում էր ամեն կերպով օգտակար լինել ազգակիցներին ու Հայաստանին, որտեղ, ի դեպ, երբեք չէր եղել: Եվ դա նրան հաջողվեց: Դիանան կարողացավ օգնել բազմաթիվ հայ գաղթականների, ովքեր Սիբիրի և Ճապոնիայի վրայով փորձում էին անցնել ԱՄՆ:

Ասում են, որ Ճապոնիայում միշտ էլ հայերի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք են ունեցել, ուստի անժխտելի է Դիանա Աբգարի մեծ ավանդը հայ-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների կայացման գործում: Թողնելով իր աշխատանքը` Դիանան անձամբ է գնացել ճապոնական իշխանությունների և հյուպատոսների մոտ` փախստական հայերի փաստաթղթերի խնդիրները կարգավորելու և նրանց ճանապարհորդությունը դյուրացնելու համար: Նա իր առևտրական գործակալությունը օգտագործել է որպես հայ գաղթականների դիվանագիտական առաքելության գրասենյակ, իսկ իր տունը` նրանց ժամանակավոր ապաստարան:
  

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ (ՄԱՍ II)


1919 թվականին Դիանան մասնակցել է Խարբինում (Չինաստան) կայացած Սիբիրի և Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովին, որտեղ նրան ընտրել են պատվավոր նախագահ:
1920 թվականի հուլիսի 2-ին Դիանա Աբգարը նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում: Պահպանվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի նամակը Դիանա Աբգարին` վերջինիս հյուպատոս նշանակելու մասին: Նամակում Օհանջանյանը շնորհակալություն է հայտնում նրանից` նորածին հայրենիքի շահերը պաշտպանելու և հայրենակիցների ծանր վիճակը թեթևացնելու համար: Դիանա Աբգարի դեսպան նշանակվելուց հետո, Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը` հեշտացնելով տիկնոջ մարդասիրական գործունեությունը և փախստականներին տրվող օգնությունը: Նրա հովանավորությունն են վայելել նաև Սինգապուրի և Ինդոնեզիայի հայերը:
Ժամանակիցների վկայությամբ` Դիանա Աբգարը եղել է զարգացած, կրոնասեր, քաղաքականապես տեղեկացված, գթառատ և հստակ գործող անձնավորություն: Նա ունեցել է նաև շատ տպավորիչ արտաքին ու հմայք: Երբ նա մտել է տարբեր դահլիճներ, բոլոր ազգերի դիվանագետները միշտ ոտքի են կանգնել:

Ճիշտ է, Դիանա Աբգարի գործունեությունը ոչ միշտ է գնահատվել ճապոնացիների և հատկապես հայերի կողմից, բայց Ամենայն Հայոց Գևորգ Ե կաթողիկոսը, ըստ արժանվույն գնահատելով Աբգարի գործունեությունը, 1926-ին արժանացրել է նրան հատուկ կոնդակի` հայ ժողովրդի շահերին ծառայելու և դժվար պահերին նրա կողքին լինելու համար:

Դիանա Աբգարի թոռները 
Դիանա Աղաբեկի Աբգարը մահացավ 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում: Նրա աճյունն ամփոփվեց տեղի օտարերկրացիների գերեզմանատանը` ամուսնու շիրիմի կողքին:
Աբգարը հայոց պատմության մեջ թողել է քաջ, ազնիվ, խելացի, արդար ու գթասիրտ հայ կնոջ կերպար:

******
Վերջերս Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր երեկույթ` ի պատիվ դեսպան Դիանա Աբգարի ժառանգների, նրա թոռան` Մայքլ Աբգարի և ծոռան` Դենիզ Աբգարի: Հոկտեմբերի 17-ին լրացել է Հայ մտավորական, հասարակական և քաղաքական ականավոր գործիչ Դիանա Աբգարի ծննդյան 141-րդ տարեդարձը: Այս առաքելությանը նրանց էր միացել նաեւ Ճապոնիայում ՀՀ դեսպանության անձնակազմը` ծաղկեպսակ դնելով Յոկոհամայում:

Երեկույթի վերջում Մայքլ Աբգարն ու նրա դուստր` Դենիզ Աբգարը դեսպանությանն են նվիրաբերել իրենց ընտանիքին պատկանող արխիվային նյութեր, ի թիվս Հայաստանի ԱԳ նախարար Համո Օհանջանյանի 1920 թ. հուլիսի 22-ով թվագրված պաշտոնական նամակի պատճենը` Դիանա Աբգարին պատվո հյուպատոսի կոչում շնորհելու վերաբերյալ:    

Thursday, June 16, 2011

Նախարարությունն արձագանքում է կամ դարձել եմ ԿԳՆ կայքի խմբագիր





Հարգելի´ ընթերցողներ,
Բլոգում երեկ կատարված գրառումից հետո (http://grigoryeritsyan.blogspot.com/2011/06/blog-post_15.htmlԿրթության և գիտության նախարարության կայքում ուղղվել են բոլոր կետադրական և տպագրական սխալները:


Կարծում եմ սա բավականին մեծ ձեռքբերում էՄիայն թե չեմ հասկանումթե ինչու ես պիտի խմբագրեմ ԿԳՆ կայքըեթե դրա համար ԿԳՆ-ը ունի հատուկ վարձատրվող աշխատակիցներ:

Ուղղում է մտցվել նաև ԿԳ նախարարի ողջույնի խոսքում (http://edu.am/index.php?menu1=217&arch=0): 












Փաստորեն, իրեն վերաբերող որոշ հարցերում նախարարությունը բավականին օպերատիվ է:))) 

Wednesday, June 15, 2011

Տգիտություն կրթության և գիտության նախարարությունում

Առհասարակ, նախարարություններ կամ այլ պետական կառույցներ դիմելու սովորություն չունեմ: Նախ` չեմ վստահում նրանց և հետո կարծում եմ, որ այդ հիմնարկներում աշխատում են բազմաթիվ ոչ կոմպետենտ մարդիկ, բյուրոկրատներ:

*********
Լինելով ուսանող` առավել հաճախ առնչվել եմ Կրթության և գիտության նախարարության հետ: Առաջին անգամ վերոնշյալ նախարարություն դիմել եմ այս տարի մարտին` Իտալիա մեկնելու համար գործուղում ձևակերպելու հարցով: Հայտնի է, որ դեսպանատները մեկնողից պահանջում են վերադարձի օրվանից հետո երեք ամիս վավերականություն ունեցող ելքի թույլտվություն: 
Քանի որ 4-րդ կուրսի ուսանող էի, և ելքի թույլտվությունս ավարտվում էր վերադարձից հետո 2 ամիս և 26 օր հետո, դիմեցի նախարարություն միջնորդության համար, որպեսզի ինձ տրամադրվի լրացուցիչ 4 օր: Եվ չնայած պատրաստվում էի այցելել Հռոմի հանրահայտ համալսարաններից մեկը, ընդ որում, իմ համալսարանը ներկայացնելու նպատակով, երկու շաբաթ ինձ տանել-բերելուց հետո, դիմումն այդպես էլ մնաց անպատասխան:

Եվս մեկ անգամ դիմել եմ նախարարություն 15 օր առաջ: Բնականաբար դիմումը մինչև այժմ պատասխան չի ստացել և անգամ չի նշանակվել նամակին պատասխանելու վերջնաժամկետը: Չնայած, ինձ արդեն միևնույնն է:
Դիմումն արդեն 15 օր ընթացքում է և վերջնաժամկետ չի նշանակվել:
Ցավալի է, որ կրթության որակի համար պատասխանատու գերատեսչությունը այսպես է աշխատում: Թերևս միայն գերատեսչության կայքից արդեն զգացվում է, որ շատ աշխատակիցներ անփույթ են և լուրջ չեն վերաբերվում իրենց աշխատանքին: Հասկանում եմ, որ մեզ բարդ է հասկանալ, որ նախարարությունում աշխատելը միայն կոստյում հագնելը, աշխատասենյակ և քարտուղարուհի ունենալը չէ:

Ի դեպ, նախարարության կայքի մասին: Երբևէ այցելել եք http://edu.am/: Համաձայնեք, որ գոնե կրթության նախարարության կայքում կետադրական սխալներ ու տառասխալներ չպետք է լինեն: Այնինչ այստեղ կարելի է բազմաթիվ սխալներ գտնել: Օրինակ` հենց նախարարի ողջույնի խոսքում:


Անհրապույր տառատեսակի ու անգրագետ շարվածքի մասին խոսելն այստեղ ավելորդ է: (http://edu.am/index.php?menu1=217&arch=0): Նմանատիպ մանր ու մեծ սխալներ կարելի է գտնել Կրթության և գիտության նախարարության կայքի տարբեր բաժիններում:
http://edu.am/index.php?id=-4529&topMenu=2&menu1=-1&menu2=2&arch=0

http://edu.am/index.php?id=4536&topMenu=-1&menu1=-2&menu2=-1
Նման կիսագրագետ նյութեր չկան անգամ մանկական ամսագրերում:
Նախադասություններն իրար կապված չեն, կան ավելորդ բառեր, տպագրական սխալներ:
Կամ ինչ է նշանակում` "ներկայացվել են նաև հոբելյանի առիթով լույս են տեսած երկու ժողովածուներ" - հավանաբար նկատի ունեն լույս տեսած:

Tuesday, June 14, 2011

Կրթության ողբերգական վիճակը և վարչապետի կանխատեսումները

Հիշո՞ւմ եք փետրվարին լրագրողների հետ սրտաճմլիկ հանդիպման ժամանակ մեր վարչապետը ինչ հայտարարեց. «Հայաստանը պետք է դառնա գիտելիքահեն երկիր»: 
Հետո ավելացրեց` «առաջիկա 10 տարում մենք պետք է ունենանք համաշխարհային լավագույն չափանիշներին համապատասխան տասը համալսարաններ։ Եթե մենք չլուծենք այս խնդիրը, ապա մենք ապագա չենք ունենա»։
Վարչապետի նման լավ «կանխատեսող» լինելն ամենևին էլ հարկավոր չէ, մեր երկրի մշուշոտ ապագան տեսնելու համար:



Ամեն անգամ կրթության ոլորտին առնչվելով համոզվում եմ, որ այսպես շարունակելով ո´չ 10, ո´չ 20 և անգամ 30 տարի հետո մենք նման համալսարաններ չենք ունենա: Դրա մասին են վկայում կրթության և գիտության ողբերգական վիճակը, կրթական ոլորտում առկա կոռուպցիան, փոքր ու մեծ մեքենայությունները, աճող ուսումնական վարձերը, կրճատվող կրթաթոշակները, երկիր ներմուծվող աղքատիկ և թանկ մասնագիտական գրականությունը, կիսագրագետ մասնագետներն ու ուսանողները, նախարարության ու համալսարանների խորհրդային-հետամնաց աշխատաոճը:

Միայն մեկ դեպքում մենք առաջիկա 10 տարում կհամապատասխանենք համաշխարհային լավագույն չափանիշ-ներին, եթե, օրինակ, առաջիկա 10 տարում վերոնշյալ բացասական միտումները, որոնք բնորոշ են հայկական բուհերին, վարակեն նաև, ասենք, Հարվարդի, Յեյլի, Օքսֆորդի, Չիկագոյի, Սթենֆորդի, Բերքլիի կամ աշխարհի այլ լավագույն համալսարանները:)) 

Այս դեպքում վարչապետի կանխատեսումները կիրականանան և հայկական բուհերը կդասվեն աշխարհի լավագույն բուհերի շարքում:

Թվում է, թե նորություն չեմ ասում: Բոլորս էլ ամեն ինչ գիտենք, ամեն ինչ հասկանում ենք, ամեն ինչից լավ տեղյակ ենք, մի տեսակ արդեն նույնիսկ համակերպվել ենք: Շատերիս էլ այս վիճակը ձեռնտու է, չէ՞:

Չգիտեմ ձեզ ոնց, բայց ինձ այս վիճակը ամենևին էլ դուր չի գալիս: Ինքս չորս տարի սովորել եմ մի կրթական հաստատությունում, որն ինձ ամեն օր զարմանալու նորանոր առիթներ էր տալիս:

Հենց այստեղ ես պարզեցի հանրահայտ ճշմարտություններ, որոնց մասին մինչ այդ տեղյակ չէի: Օրինակ`
·   Ամեն ինչ վաճառվում է, եթե կա վաճառող և կա գնորդ:
·   Ուսանողը ընթացիկ քննության չի կարող ներկայանալ, եթե ուսման վարձը չի վճարել:
·   Ինտերնետի յուրաքանչյուր 30 MB-ը արժե 500 դրամ:
·   19 համակարգիչ` 19 հազար ուսանողի համար:
·   Դեկանը միշտ ճիշտ է:
·   Ուսանողը պետք է իր տեղն իմանա:
·   Անվճար հիմունքներով սովորող ուսանողին կրթաթոշակ չի հասնում:
·   Ջեռուցումը միացվում է դեկտեմբերի 1-ից (լավագույն դեպքում):

Հանրահայտ ճշմարտությունների այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել: Եվ սա այն համալսարանի մասին է, որն, ըստ վարչապետի, 10 տարի անց պետք է համապատասխանի համաշխարհային լավագույն չափանիշներին:

Monday, June 13, 2011

Լավատեսությունը կյանքի բուրմունքն է...


Իմ տունը գտնվում է սարերում` այնքան բարձր,
որ ականջիս հասնում է Աստծո հազը:
Տոնինո Գուերրա


Իմ ոչ այնքան երկար լրագրողական կյանքում շատ հաճախ հանդիպել եմ մարդկանց, իրական լեգենդների, ովքեր իրենց հետքն են թողել համաշխարհային կինոարտադրության, երգարվեստի, թատրոնի ու նկարչության ասպարեզում: Միայն նրանց տեսնելու և նրանց հետ զրուցելու համար արժեր իմ կայնքի մի քանի տարիները նվիրել այդ մասնագիտությանը, որը շատ էի սիրում, բայց ստիված եղա թողնել:



Այդ մարդկանցից մեկը, ում հետ զրույցը անգիր հիշում եմ մինչև հիմա, իտալացի հանրահռչակ բանաստեղծ, կինոսցենարիստ, դրամատուրգ, նկարիչ և քանդակագործ Տոնինո Գուերան էր:

Ինձ բախտ է վիճակվել Տոնինո Գուերային անձամբ հանդիպել երկու անգամ: Եթե առաջին անգամ` 2006-ին, բավարարվեցի ասուլիսի ժամանակ միայն մեկ հարցով, ապա արդեն 2008-ին ինձ հաջողվեց զրույց կորզել նրանից: Շուտով, այն տպագրվեց հայտնի թերթերից մեկում:

Ներկայացնում եմ հատվածներ տարիներ առաջ լույս տեսած այդ հոդվածից:


Մաեստրոն հարյուրավոր կինոսցենարների հեղինակ է: Նրա գործընկերներն էին դարի խոշորագույն ռեժիսորները` Անտոնիոնին, Տարկովսկին, Ֆելինին, Փարաջանովը: 2004-ին նրան շնորհվել է «դարի լավագույն սցենարիստ» տիտղոսը: Նրան անվանում են «Վերածննդի այժմյան ասպետ»«դարի վերջին հումանիստ», անձամբ իր բնութագրմամբ` պարզապես Պոետ:

***************

Առաջին անգամ Գուերան Հայաստան այցելեց 2006-ին: Իտալիա վերադառնալուց հետո մտածում էր կրկին «Փարաջանովի երկիր» վերադառնալու մասին: Թվում էր` դարի լավագույն սցենարիստի ցանկությունն իրական չէ, քանի որ այդ պատկառելի տարիքում մեծ ճանապարհ կտրելն այդքան էլ հեշտ չէ: Այնուամենայնիվ, ուժեղ ցանկությունը և հայկական  կողմի համառությունը կրկին նրան Հայաստան բերեցին: 

***************



«Հայաստանը ճանապարհորդություն է դեպի վեր, դեպի բարձունք. ամեն անգամ գալով Հայաստան` մեծ մարդկային ջերմություն եմ ստանում ու ապրելու մեծ ուժ: Հայաստանը յուրատեսակ երկիր է, որտեղ ամեն ինչին յուրատեսակ մոտեցում կա: Ճիշտ է, ես հոգով շատ երիտասարդ եմ, բայց ամեն անգամ գալով Հայաստան` ավելի եմ երիտասարդանում»:
***************

Տոնինո Գուերան հայոց լեզվի և հայոց այբուբենի մասին. «Սկզբից այն ինձ ներկայացավ ընդամենը հետաքրքիր և տեսարժան, բայց շատ շուտով այդ լեզվի մեջ ամփոփված մեծ կանչը հասավ ինձ: Այբուբենը ճշմարիտ, ամուր, մածուցիկ լուծույթ է, որն ամրացնում է ազգը: Եթե այբուբենը կորցնի իր նշանակությունը, ապա կվերածվի անհասկանալի խշխշոցի` անձրևի խշշոցի և շարժիչի դղրդոցի մեջ: Եվ այն ժողովուրդը, ազգը, որին նա պատկանել է` կդադարեն գոյատևել»:

***************

Տոնինո Գուերան իր կյանքը չի պատկերացնում առանց այն հուշերի, որոնք իր մեջ ամեն անգամ արթնացնում են իր մտերիմ ընկերները` անցած դարի լեգենդար արվեստագետները: Նա առանձնահատուկ սիրով է պատմում նրանց հետ անցկացրած օրերի մասին
- Ես չեմ սիրում խոսել միայն իմ մասին, բայց իմ պարտքն եմ համարում խոսել Փարաջանովի մասին` իր իսկ հայրենիքում, ցանկանում եմ պատմել Ֆելինիի ու Անտոնիոնիի կյանքի թաքնված էջերի մասին: Եթե չլինեին նրանք, չէր լինի կինոարվեստը, և նրանց մասին չխոսել ես չեմ կարող:

***************

Արվեստագետի նշանաբանն է. կյանքին նայել միշտ լավատեսորեն, որովհետև լավատեսությունը կյանքի բուրմունքն է: Թերևս այդ լավատեսությունն է նրան օգնում ապրել, արարել ու սիրել կյանքը` իր բոլոր դրսևորումներով:

Sunday, June 12, 2011

Welcome to My Official Blog!!

Hey! Welcome to my little space. To be honest, I had never thought about creating my own blog and it seemed to me a waste of time. Maybe it's because I've always had the opportunity to publish my articles, to work in various magazines, TV... well, had every opportunity to speak and express myself. Anyway, blog is also a good tool that I'm gonna use to discuss different issues, to share some news, to publish articles and announcements. Here you will find some interesting publications, articles, news about organizations that I work with, opportunities for young people to be involved in different activities provided by various organizations. Languages for posts and updates will be English, Russian and Armenian. This blog will be used to explore, exchange, and create ideas!!!!